Վերջին դեպքերը կարող են վտանգել «Էյր Արմենիայի» ներդրումային ծրագրերը. համասեփականատերեր

«Էյր Արմենիա» ավիաընկերության համասեփականատերերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում իշխանություններին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը: Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում  հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «ԷյրԱրմենիա» ընկերության  51%-ի բաժնետեր եւ ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի անձնական անվտանգությունը եւ ազատ գործելու  իրավունքը հանդիսանում է «Էյր Արմենիա» ընկերության կարեւորագույն նախապայմաններից մեկը եւ գործունեության կազմակերպման գրավականը։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զգոնության, արագ եւ նպատակային միջոցառումների իրականացման, Արսեն Ավետիսյանի եւ նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:

Միեւնույն ժամանակ, կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն եւ ողջախոհություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի եւ պարտավորությունների՝ այդ թվում 250 աշխատակիցների եւ գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է  հանդիսանում են «Էյր Արմենիա»-ավիաընկերության լավագույն գործընկերները:

Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը եւ իրականացվող բարեփոխումները: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք կողմերին եւ իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը:

ԱՎԵԼԻՆ