Աշոտյանը ցավում է, բայց չի կարող պատասխանատվության ենթարկել փոքրիկ Արեգին դպրոց չընդունած տնօրենին

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը պատասխանատվության չի ենթարկի Երևանի թիվ 125 ներառական կրթություն իրականացնող դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանին, որը, ըստ մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգի մոր, օրերս հրաժարվել է երեխային ընդունել դպրոց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ իրենք նման լիազորություն չունեն, քանի որ թիվ 125 դպրոցը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ:  «Մենք մեր միջոցները գործադրել ենք հարցի բովանդակության հետ կապված, սակայն վարչարարության, տույժերի հետ կապված լիազորություններ չունենք, քանի որ քաղաքապետարանի ենթակայության տակ է դպրոցը»,- ասաց Աշոտյանը: ԿԳ նախարարը նշեց, որ ցավում է այս դեպքի համար, որը եւս մեկ առիթ պետք է լինի Հայաստանում ներառական կրթության կարեւորությունն ընդգծելու եւ հետագայում նման տհաճ միջադեպերի կրկնությունը բացառելու համար: «Ուսուցիչները պետք է առաջին հերթին հիշեն, որ իրենք մանկավարժ են: Պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինեն նման հարցերում եւ շատ ավելի համբերատար` նման խնդիրներ ունեցող երեխաների ծնողների հետ տարվող աշխատանքներում»,-ասաց նախարարը:

Աշոտյանի խոսքով՝ սեպտեմբերի 1-ին, կհրավիրվի կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվելու են Հայաստանում ներառական կրթության հիմնախնդիրները: ներառական կրթության համակարգում ընդգրկված` Երեւանի 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը պնդել է, որ ինքը չի հրաժարվել մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին դպրոց ընդունել, այլ մայրն ինքն է որոշել ուրիշ դպրոց տանել երեխային՝ հերքելով երեխայի մոր պնդումները, որ տնօրենն իրեն աննրբանկատ է պահել, բարձր տոնով է խոսել, երեխայի ներկայությամբ ասել է, որ նա շատ բարդ երեխա է, եւ իրենց մոտ չի կարող սովորել` համապատասխան մասնագետների բացակայության պատճառով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիթ Անտոնյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: Ռուզաննա Մուրադյանը Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

ԱՎԵԼԻՆ