Ռուս զինվորների համար Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան աքսորավայր է. Լուսինե Սահակյան

Ավետիսյանների սպանության դեպքի մոդելավորման հետ կապված նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը:

«Փորձաքննության պատասխանը կարող ենք հրապարակել միայն Պերմյակովի ցուցմունքին ծանոթանալուց հետո»,- ասաց փաստաբանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ հունվարի 12-ին տեղի ունեցած ոճրագործության մանրամասներին հնարավոր է ծանոթանալ միայն Պերմյակովի ցուցմունքի միջոցով, որը ռուսական կողմն արդեն հանձնել է Հայաստանի Քննչական կոմիտեին եւ այժմ թարգմանվում է:

«Փորձաքննությունների եզրակացություններ ունենք, սակայն մեզ պետք են դեռ նրա ցուցմունքները, որտեղ մանրամասն պետք է որ ներկայացնի կատարվածը»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է օգոստոսի 12-ին կայացած դատական նիստին, որտեղ ռուսական կողմը դասալքության համար Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, Ավետիսյանների փաստաբանները կարծում են, որ բեմադրված էր ամեն ինչ: Փաստաբան Միհրան Պողոսյանը համոզված է, որ դեռ առավոտյան բոլորը ռուսական 102-րդ ռազմաբազայում գիտեին, թե ինչ վճիռ է կայացվելու:

«Այս արագացման նպատակն էր, որ ինֆորմացիայի արտահոսք չլինի: Մեկ օրում տեւած դատավարության ընթացքում 72 հատորանոց գործից միայն 30-35-ը ներկայացվեց»,- ասաց նա:

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով էլ՝ ռուսական կողմն ամեն ինչ արել էր՝ թաքցնելու ռազմաբազայում տիրող իրավիճակը:

«Ամբողջ դատավարության ընթացքում ռուսական կողմն ապացուցում էր, թե իրենք լավագույն զինվորներին են ուղարկում Հայաստան ծառայելու: Մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ ռուս զինվորների համար Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան աքսորավայր է: Անձամբ մեզ համար կարեւորն այն է, որ նման հանցագործություն ծնող պատճառները վերացվեն, այլեւս նման հանցագործություն չկրկնվի: Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ պատասխանատու անձին պատժվեն, որը տեղի չունեցավ»,- նշեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանների կարծիքով՝ չի բացառվում՝ հոկտեմբերի վերջին սկսվի Պերմյակովի դատավարությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 Նշենք, որ օգոստոսի 12-ին ռուսական կողմը դասալքության համար Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Ռուսական կողմը հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մասն առանձնացրել է եւ հանձնել հայկական կողմին: Նյութերն արդեն տրամադրվել են Հայաստանի Քննչական կոմիտեին:

ԱՎԵԼԻՆ