Սպիտակ տունը ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները որակել է որպես աշխատանքային

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոշ Էռնսթը հայտարարել է, որ ԱՄՆ եւ ՌԴ նախագահները պահպանում են աշխատանքային հարաբերություններ եւ մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցում են։ Դրա օրինակն է Իրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերած համաձայնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նախագահ Օբաման նախկինում, առիթից օգտվելով, Պուտինի հետ իր հարաբերությունները որակել է որպես աշխատանքային եւ նշել է, որ իրենք կարող են ուղղակի շփվել նաեւ այն հարցերի շուրջ, որոնցում տարակարծիք են»,- ասել է Էռնսթը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ եւ նշել էր, որ ՌԴ եւ ԱՄՆ նախագահները վատ հարաբերությունների մեջ են։

ԱՎԵԼԻՆ