Գյուղնախն Արարատյան դաշտի 4 գյուղերում կաթիլային ոռոգման փորձնական ծրագիր կիրականացնի

ՀՀ գյուղտնտեսության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ակնալիճ, Շենիկ եւ Արարատի մարզի Ջրաշեն, Արմաշ համայքներում` 1-ական հեկտար հողատարածքներում, կիրականացնի կաթիլային ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագիր: Այս մասին «Հողային ռեսուրսների եւ պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«Մենք ունենք առանձին հողատարածքներ, որոնք համարվում են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքներ, որտեղ սովորական  ոռոգման նորմաներով նախատեսված չափաքանակները բացարձակապես չեն բավարարում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար: Կարծում եմ` այս ծրագիրը կդառնա օրինակ` այն ընդարձակելու համար: Չնայած, մենք մի շարք տարածքներում այսօր արդեն ունենք կաթիլային ոռոգման օրինակը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

Նա կարեւորեց Հայաստանում ջրամբարների կառուցումը: Օրինակ բերելով 2014թ-ին դիտված սակավաջրությունը` Գառնիկ Պետրոսյանն ասաց. «Լրջագույն խնդիր է ջրային ռեսուրսների արդյունավետ եւ նպատակային օգտագործումը: Մենք ընդամենը մեկ երրորդն ենք հազիվ օգտագործում մեր հնարավորությունների: Ամբողջ աշխարհն այսօր կանգնած է լրջագույն խնդրի առաջ: Դուշանբեում ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Ջուրը կյանքի համար» մեծ կոնֆերանս էր, որին ես նույնպես առիթ ունեցա մասնակցելու: Աննկարագրելի վիճակ էր, լսում ես տարբեր երկրների՝ ասիական, մերձավոր արեւելյան, աֆրիկյան եւ այլ երկրների մասնագետների, գիտնականների կարծիքները, որոնք ուղղակի ահազանգ են հնչեցնում, որ ժամանակն է, որպեսզի շատ լրջորեն, շատ խելացի եւ նպատակային օգտագործվեն այդ ռեսուրսները: Դա մեզ համար նույնպես ակնհայտ է, չնայած մենք մի կողմից մտածում ենք, որ մեր ռեսուրսները այնքան անսպառ են, այնքան հարուստ են, բայց մյուս կողմից էլ մենք ունենք 2014 թվականի ծանր օրինակը: Կառավարությունը ստիպված եղավ հռչակել տարին սակավաջուր:

Արարատյան դաշտում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք ջրամատակարարման ուղղությամբ, ստիպված էինք նույնիսկ նախկինում չօգտագործվող, չգործող 109 խորքային հորերը վերագործարկել, որոշակի լրացուցիչ ջրամատակարարում ապահովել, որպեսզի հնարավոր լինի մեղմել վիճակը: Ընթացիկ տարին բարենպաստ է, եւ բոլոր ջրամբարներում կան անհրաժեշտ պաշարներ: Կարծես թե առանձնապես լուրջ խնդիրներ չպետք է առաջանան, բայց արդեն կա օրինակը, որ մենք նույնպես բախվում ենք այս լրջագույն խնդրին: Հետեւաբար, արդեն օրվա հրամայական է դարձել ջրամբարաշինության խնդիրը: Ամբողջ մեր ջրային ռեսուրսների 70 տոկոսը բարձր լեռնային հատվածներից հոսում է դեպի հարթավայրային հատված, մենք բոլոր հնարավորություններն ունենք ջրամբարների միջոցով կուտակել այդ ռեսուրսը: Խնդիր է դրվում կառուցել Կապսի, Եղվարդի, Վեդու, Մաստարայի ջրամբարները: Այս ուղղությամբ բավականաչափ մեծ ծավալի եւ լուրջ աշխատանքներ են տարվում»:

ԱՎԵԼԻՆ