Իրանում Հայաստանի դեսպան. Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից հետո տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, եւ պարզ է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը եւս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից: Այդ մասին ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին տված հարցազրույցում։

Դեսպանը հույս է հայտնել, որ բանակցությունները հաջողությամբ ավարտվելու են, եւ կնքվելու է համապարփակ համաձայնագիր: «Իրանի ձեռքերն ազատ կլինեն իր տնտեսական քաղաքականության իրականացման հարցում, եւ բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ իրենց ծրագրերով կգան Իրան: Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, եւ պարզ է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը եւս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից»,- նշել է նա:

Նա նաեւ նկատել է, թե «Իրանի համար արդեն իսկ մեծ հնարավորություններ են ստեղծվել ԵՏՄ 200 միլիոն բնակչությամբ շուկա մուտք գործելու եւ բազմաթիվ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: «Հայաստանն այս պարագայում կարելի է դիտել որպես Իրանի համար դարպաս ԵՏՄ մուտքի համար: Բացի այդ, նկատի ունենալով, որ արդեն սկսված են Իրան-ԵՏՄ բանակցություններն ազատ առեւտրի պայմանների մշակման շուրջ, Հայաստանն այս հարցում լավագույն կարգավորող օղակը կարող է լինել: Հաշվի է պետք առնել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը եւ Իրանը պատմական եւ մշակութային ընդհանրություններ ու նաեւ տնտեսական հարաբերությունների որոշակի փորձ ունեն, որը քիչ կարեւոր չէ բանակցություններում փոխըմբռնման հասնելու ճանապարհին:

Իհարկե, մենք նաեւ գիտակցում ենք, որ նման լուրջ խնդիրների լուծման ժամանակ Հայաստանին առաջնային դեր հատկացնելու գործում խիստ կարեւոր է բոլոր կողմերի, այդ թվում՝ Իրանի, դրական վերաբերմունքը»,- նշել է դեսպանը:

ԱՎԵԼԻՆ