Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

Հուլիսի 18-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում  կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին:

Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է  12 տոնավաճառ, որին մասնակցել են 1680 գյուղատնտեսներ:  Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:

Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում  է նաեւ հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ եւ սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից եւ գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:

Սահմանվել եւ հետեւողականորեն կիրառվում են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ:

ԱՎԵԼԻՆ