ՏԿԱԻՆ աշխատակիցները մասնակցել են Հայաստանի ճապոնական կարատեի բաց առաջնությանը

ՀՀ ՏԿԱԻ  նախարարության, «Ունիսոն» ՀԿ-ի եւ  JKA Armenia ճապոնական կարատեի ասոցիացիայի նախաձեռնությամբ հունիսի 13-ին «Դինամո» մարզադահլիճում կայացավ Հայաստանի ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ  ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  11 սայլակավոր հաշմանդամ աշխատակիցները: Կարատեի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էր Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ավելի քան 131 մարզիկ:

ՃԿԿ-ի աշխատակիցները  Հայաստանի ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությանը հանդես եկան կատա եւ կումիտե մրցաձեւերում: Մրցավարական անձնակազմը բարձր  գնահատեց  հաշմանդամ մասնակիցների սպորտաձեւին տիրապետելու հմտությունները:

Կումիտե մարզաձեւում   ՀՀ ՏԿԱԻՆ մասնակիցներից Արթուր Եղիազարյանը, Սեւակ Մխիթարյանը եւ Արտյոմ Սահակյանը տղաների մրցաշարում գրավեցին համապատասխանաբար առաջինից երրորդ տեղերը, իսկ աղջիկների մրցաշարում առաջինից երրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար`Մերի Մանուկյանը, Մերի Մեհրամյանը եւ Գոհար Նավասարդյանը:

Առաջնությունն անցկացվել է «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրի  շրջանակում, որն իրականացվում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության աջակցությամբ:  Այս ծրագրի շրջանակում  նախարարության սայլակավոր հաշմանդամ աշխատակիցները հնարավորություն են ստացել զբաղվել մարտարվեստով, տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների, վերապատրաստման դասընթացներ անցկացնել ֆրանսահայ մարզիկ, Հայաստանի եւ Եվրոպայի կարատեի չեմպիոն Արթուր Ավետիսյանի հետ, ով այցելել էր ՏԿԱԻ նախարարություն: Ծրագրի շրջանակում ՏԿԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը ապրիլին մասնակցել է Հունաստանում անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձինք միջազգային սպորտում» թեմայով միջազգային սեմինարին:

ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը  ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունն իրականացնողներին. «Ուրախ եմ ողջունելու ձեզ, մասնավորապես` առաջնությանը մասնակից իմ  գործընկերներին: Երբ նրանց աշխատանքի էինք  ընդունում, ինքներս էլ չէինք հավատում նման արդյունքների: Եկան մարդիկ, ովքեր ոչ միայն ոտքի կանգնեցին, ոգեւորեցին եւ հույս տվեցին շատերին,  այլեւ խոցելի խավից դարձան   գործընկեր: Երբ «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ»  ծրագիրը մեկնարկեց նախարարությունում, նախարար Երիցյանը  հանձնարարեց դահլիճ տրամադրել, բոլոր պայմանները ստեղծել նրանց համար, եւ երբ ցուցադրական ելույթներ էին, համոզվեցինք, որ չենք սխալվել: Ես կուզենայի շնորհակալությւոն հայտնել «Ունիսոն» ՀԿ-ին, ովքեր միշտ մեր կողքին են, մենք էլ ` իրենց: Կազմակերպություն, որը հաշմանդամների խնդիրների հետ է, որի  յուրաքանչյուր քայլ ուղղված է  նրանց  խնդիրների լուծմանը: Շնորհակալություն JKA Armenia ճապոնական կարատեի ասոցիացիայի  անդամներին` մեր  նախարարություն  քաջություն, վստահություն, ուժ, ինքնավստահություն բերելու համար, այն ինչ հատուկ է փրկարարին; Ուզում եմ ձեզ  փոխանցել ՏԿԱԻ  նախարարի ողջույնն ու շնորհակալությունը»:

JKA Armenia  Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սեւակ Հակոբյանը փ/ծ գեներալ-մայոր  Ն. Գրիգորյանին փոխանցեց Հունաստանի  ճապոնական կարատեի ասոցիացիայի շնորհակալագիրը` ուղղված  ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին`«Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրին արձագանքելու  եւ անմիջական աջակցություն ցուցաբերելու համար:

ԱՎԵԼԻՆ