Անհատ տաքսիստների խնդիրների մի մասը հորինված են. Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդեն 2 ու կես տարի անընդհատ պայքարում է, որպեսզի լուծում տա անհատ տաքսու վարորդների բարձրացրած խնդիրներին: Այս մասին այսօր` մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարայանը:

«Եթե նկատել եք, բողոքում  են տաքսու վարորդների մի քանի փոքրիկ խմբեր, որոնք ունեն անձնական խնդիրներ: Ես բոլորին ընդունելու եմ, բոլոր առաջարկները, դուք բոլորդ էլ լսելու եք: Տաքսու վարորդների կողմից  առաջարկներ են լինում, որոնք անընդունելի են, իրար հակասող, քանի որ բողոքողների խումբն այնպիսի առաջարկներ է անում, որոնք իրագործելու դեպքում կավելացնեն վարորդների բեռը, մյուս խումբը` հակառակը»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ պատրաստվում են վարորդների հարցը քննարկել, բոլոր  տարաձայնությունները ի մի բերել և կայացնել բոլորին հարմար որոշում: Նա նշեց, որ վարորդների բարձրաձայնած խնդիրների մեջ կան և հորինված, և իրական, լուծվող ու չլուծվող խնդիրներ:

Նշենք, որ անհատ տաքսու վարորդները դժգոհ են տաքսիների լիցենզավորման նոր կարգից, որի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը:

ԱՎԵԼԻՆ