Թուրք գանձագողերը քանդել են Մշո Առաքելոցի պատերը եւ փորել հայերի գերեզմանները

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Մշո Առաքելոց վանքի կիսականգուն մնացած եկեղեցին շարունակվում է ենթարկվել գանձագողերի վայրագություններին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մուշ նահանգի Առաք գյուղի մոտ գտնվող Մշո Առաքելոց վանքում գանձագողերը քանդել են կիսականգուն մնացած միակ եկեղեցու պատերը եւ փորել եկեղեցու հարեւանությամբ գտնվող հայերի գերեզմանները։default

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հիշյալ հարցով դիմել է Մուշի նահանգապետարան։ Դիմումի հիման վրա ժանդարմերիան ուսումնասիրություն է իրականացրել եւ զեկուցել, որ վանքի տարածքում գտնվող գերեզմանները փորվել եւ քանդվել են,  գողացվել են եկեղեցու երեսպատման սալիկները։

Ազիզ Դաղջըն նշել է, որ հայերի համար մեծ նշանակություն ունի Մշո Առաքելոցը՝ շեշտելով, որ վերջին տարիներին այն գանձագողերի թիրախում է գտնվում։ Դաղջըն հայտնել է, որ վանքի տարածքում գտնվող 23 գերեզման է քանդվել եւ հանգուցյալների ոսկորները դուրս նետվել, իսկ եկեղեցու մեջ 5 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ փոս է արվել եւ տարվել եկեղեցու սալիկներից մեկը։

Ազիզ Դաղջըն շեշտել է, որ Ժանդարմերիայի զեկույցի հիման վրա դատախազությունում հայց է ներկայացրել տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ։

ԱՎԵԼԻՆ