BBC. Ադրբեջանի ՊՆ-ն շքերթի լուսանկարից «մաքրել է» հայկական դրոշը

Բրիտանական BBC-ն անդրադարձել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված լուսանկարից հայկական դրոշի անհետանալու միջադեպին։

Հայկական դրոշը մաքրել էին մայիսի 9-ին Մոսկվայում  կայացած շքերթի լուսանկարից։ Դրոշը բացակայում է լուսանկարից, որտեղ երեւում են ադրբեջանցի զինվորականներն ու նրանց հետեւից եկող հայ զինծառայողները։ «Սակայն հեռարձակվող միջոցառման ժամանակ երեւում էր, թե ինչպես են զինվորները քայլում իրար հետեւից՝ ձեռքներին բռնած իրենց դրոշները»,- ասված է հոդվածում։

Ընդ որում, BBC-ն մեջբերում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի խոսքը։ Փորձագետը կասկած չունի, որ խոսքը ֆոտոմոնտաժի  մասին է։ «Ըստ ՊՆ աղբյուրների՝ իրենք էլ չէին սպասում, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողները քայլերթի դուրս կգան մեկը մյուսի հետեւից։ Փորձերի ժամանակ նրանք հրապարակի տարբեր մասերում էին քայլում»,- հայտարարել է Ջաֆարովը։

Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանություններից։

Նշենք, որ Կարմիր հրապարակում օտարերկրյա ռազմական հաշվարկների հերթականությունը որոշվել է ռուսական այբբենական կարգով։ Հայ զինծառայողները ադրբեջանցիների հետ են մասնակցում քայլերթին արդեն 3-րդ անգամ։

ԱՎԵԼԻՆ