Քարդաշյանի այցը Երեւան յուրովի ուխտագնացություն է. արաբական մամուլի անդրադարձը

Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին հանգամանորեն անդրադարձել է նաեւ արաբական մամուլը: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի մեջբերում այդ հրապարակումներից: «Նախնիների հայրենիքը Քիմ Քարդաշյանին ջերմ ընդունեց:  Նա շրջում էր Երեւանի փողոցներում, լուսանկարվում եւ մերթընդմերթ գրառումներ կատարում Intagram-ում՝ պատմելով իր տպավորությունների մասին: Հայաստանում հույս ունեն, որ նրա այցը շատերին կստիպի հիշել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին»,- գրում է Egyptianpeople-ը:Radiosawa մերձավորարեւելյան ռադիոկայանը հետաքրքիր համեմատություն է արել Քարդաշյանի եւ միջազգային առաքելությամբ այցեր կատարող անձանց միջեւ: «Ավանդական  հայկական տարազով եւ աղուհացով հայերը դիմավորում են միայն ամենակարեւոր միջազգային դեմքերին: Քիմ Քարդաշյանը քրոջ եւ ամուսնու՝ Քանիե Ուեսթի հետ արժանացավ հենց այդ մակարդակի ընդունելության: Քարդաշյանն իր այցով ցանկանում է նշել, որ  ցանկանում է վերականգնել կապերը իր պատմական հայրենիքի հետ: Այսպիսով, Քարդաշյան ընտանիքի այցը Երեւան յուրօրինակ ուխտագնացություն կարելի է համարել: Նա նույնիսկ իր տեսքով վերադարձել էր սեւ երկար մազերով ավանդական կերպարին՝ ՝ հրաժարվելով ներկած շիկահեր լինելուց»,- գրում է պարբերականը:«Թիկնապահերով շրջապատված՝ Քիմ Քարդաշյանը քրոջ եւ ամուսնու ուղեկցությամբ Հայաստան ժամանեց՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին»,- գրում է Դուբայում հրապարակվող Mashaheeri պարբերականը՝ անդրադարձ կատարելով Օսմանյան Թուրքիայում 100 տարի առաջ հայոց ջարդերին եւ Թուրքիայի ժխտողականությանը:«Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հիշել է իր հայկական արմատների մասին եւ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի նախնիների վերաբերյալ որեւէ տեղեկություն ստանալու հույսով Լոս Անջելեսից մեկնել Հայաստան: Հայաստանում նրան շքեղ ընդունելություն ցույց տվեցին: Թիկնապահներով շրջապատված՝ նա ժամանակ եւ համարձակություն էր գտնում մոտենալ երկրպագուներին, ողջունել նրանց, սելֆի անել: Քարդաշյանի այցի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն էր: Հանրահայտ աստղը՝ կարմիր զգեստ հագած, վզին գեղեցիկ վզնոց, կարմիր ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ դրանից հետո ռոմանտիկ ընթրիք ունեցավ ամուսնու հետ իր պապերի հայրենիքում»,- նշում է եգիպտական El Balad-ը:

ԱՎԵԼԻՆ