ՀՀ-ն դառնում է 170 մլն-անոց շուկայի մաս եւ ավելի գրավիչ դառնում.վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը:ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք նման քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս գնահատել ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաեւ նախանշել կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները:Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված եւ առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: Գործնական առումով, Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մաս, ինչը ներդրումների եւ խոշոր երկարաժամկետ նախագծերի իրականացման համար մեր երկիրը դարձնում է առավել գրավիչ:Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ ապրանքների փոխադարձ առեւտրում չեն իրականացվում մաքսային ձեւակերպումներ, ինչի արդյունքում կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերը եւ ժամկետները: Ապրանքների փոխադարձ առեւտրում վերանում են նաեւ տեխնիկական խոչընդոտները եւ կիրառվում է համապատասխանության գնահատման միասնական համակարգ: Միեւնույն ժամանակ հնարավորություն է ստեղծվում զարգացնելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կազմակերպությունների միջեւ արտադրական կոոպերացիայի համակարգը:Եվրասիական տնտեսական միության գործունեությունն ավելի է խորացնում անդամ երկրների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող երկկողմ կապերն ու հարաբերությունները, ինչպես նաեւ մեծ հնարավորություններ է ընձեռում առեւտրատնտեսական ոլորտում միջպետական փոխգործակցության համար: Այս ամենն անչափ կարեւոր է ներկայիս աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործընթացներում»:Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք է մաղթել կլոր սեղանի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում հնչած առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը: «Հայաստանը պատրաստակամ է համակարգային եւ ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները եւ շոշափելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը», – եզրափակել է կառավարության ղեկավարը:Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսի բացմանը, ծանոթացել խորհրդային շրջանի հայ եւ ռուս գեղանկարիչների աշխատանքներին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ազգային ժողովի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի կողմից:

ԱՎԵԼԻՆ