Ի՞նչ է տեղի ունենում ալյուրի շուկայում. ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանումը

Նախորդ տարեվերջին դոլար-դրամ փոխարժեքի տատանումների օրերին, մի շարք շուկաներում, այդ թվում՝ առանցքային շուկայում, ինչպիսին ալյուրն է. արձանագրվեցին գնային բարձրացումներ: Ի՞նչ իրավիճակ է տիրում այս շուկայում, ովքե՞ր են շուկայի նոր մասնակիցները եւ ի՞նչ է փոխվել ԵՏՄ անդամակցությունից հետո՝NEWS.am-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Պարոն Շաբոյան, նախորդ տարեվերջից ՀՀ վարչապետի հանձնարարականով Ձեր ղեկավարած Հանձնաժողովը դիտանցումներ է իրականացնում մի շարք առաջնային կարեւորություն ունեցող շուկաներում: Բնականաբար, ցանկում ներառված է նաեւ ալյուրի շուկան: Ի՞նչ արձանագրվեց այս շուկայում եւ որքանո՞վ էր գնաճը համահունչ դրամի արժեզրկմանը:  -Թերեւս գիտեք, որ ալյուրի շուկայում առկա են 2 խոշոր ընկերություններ՝ «Ալեքս Գրիգը» եւ «Մանանա Գրեյնը», որոնք միաժամանակ նաեւ հանդիսանում են ցորենի ներմուծողներ, ուստի Հանձնաժողովի դիտանցումները առաջին հերթին նպատակ ունեն հետեւելու այս ընկերությունների վարքագծին, որպեսզի վերջիններիս կողմից չլինեն մրցակցության օրենսդրության խախտման դեպքեր: Դուք ճիշտ եք, նկատի ունենալով տարեվերջին դոլարի փոխարժեքի տատանման հետեւանքով դիտարկված գնային բարձրացումները, Հանձնաժողովը ավելի խիստ եւ հետեւողական է վերահսկողություն իրականացնում մի շարք սոցիալական նշանակության շուկաներում, որոնց մեջ, բնականաբար, մտնում է նաեւ ալյուրի շուկան:Ի՞նչ է արձանագրել Հանձնաժողովը այդ դիտանցումների արդյունքում: Ինչպիսի՞ն է ալյուրի գների փոփոխության դինամիկան:Մեր կողմից իրականացված դիտանցումների արդյունքներով կարող եմ նշել, որ 1 կգ բարձրակարգ ալյուրի գինը 2014 թվականի նոյեմբերի կեսերին կազմել է 245 դրամ, իսկ դեկտեմբերի կեսերին` ալյուրի գները կազմել են 325 դրամ: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքը 411 դրամից հասել է շուրջ 600 դրամի:Այսպիսով կարող ենք փաստել, որ հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 46 տոկոսով, իսկ նույն ժամանակահատվածում ալյուրի գները ավելացել են 33 տոկոսով:Դեկտեմբերի երկրորդ կեսին արտարժութային շուկայում իրավիճակի կայունացման արդյունքում դոլարի փոխարժեքը նվազել է՝ հասնելով մինչեւ 480 դրամի: ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազմանը զուգընթաց դեկտեմբերի վերջի դրությամբ բարձրակարգ ալյուրի 1 կգ-ի գինը նվազել եւ կազմել է 280 դրամ:Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա: Հանձնաժողովը շարունակո՞ւմ է դիտանցումները, թ՞ե նկատի ունենալով տարադրամի փոխարժեքի համեմատական կայունությունը, դրա անհրաժեշտությունն այս պահին չկա:Անկախ ամեն ինչից, Հանձնաժողովը շարունակում է իրականացնել դիտանցումներ խոշոր ընկերությունների վաճառակետերում եւ, կարող եմ նշել, որ տարեսկզբից մինչ օրս արձանագրել ենք ալյուրի վաճառքի գների շարունակական նվազում:  Եթե խոսելու լինենք թվերով, ապա պետք է նշեմ, որ ներկա դրությամբ 1 կգ բարձրակարգ ալյուրի գինը դեկտեմբերի վերջի համեմատ նվազել է եւս 25 տոկոսով եւ ներկայումս  կազմում է 211 դրամ:Իսկ Ձեր ուսումնասիրություններն ի՞նչ են պարզում, ո՞րն է նման կտրուկ գնանկման պատճառը:Խնդիրն այն է, որ ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման հետեւանքով, ալյուրի գները ՌԴ-ում նվազել են: Հայտնի է, որ մեր երկիրը ցորենի հիմնական հիմնական ներկրումներն իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունից: Ստեղծված իրավիճակում պատրաստի ալյուրի ներմուծումը տնտեսվարողների համար դարձել է շահավետ: Իհարկե, դրական առումով շուկայի վրա մեծապես ազդել է նաեւ այն, որ տարեսկզբից արդեն հանդիսանում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ եւ ապրանքների ներմուծումն ու արտահանումը իրականացվում է պարզեցված ընթացակարգով: Հետեւապես այս պայմաններում տնտեսապես շահավետ է ալյուրի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվելը:Իհարկե, մեր ուսումնասիրությունները ավարտված չեն, ինչպես արդեն նշեցի, անկախ ամեն ինչից Հանձնաժողովը շարունակում է հետեւել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին՝ գերիշխող ընկերությունների կողմից հնարավոր չարաշահումները բացահայտելու, ինչպես նաեւ կանխարգելելու նպատակով:Զրուցեց Արամ Գարեգինյանը

ԱՎԵԼԻՆ