Պարզաբանում է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն

Ի պատասխան մարտի 5-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարկված «Ծառուկյանի հանքերը կմուծվե՞ն» վերտառությամբ հոդվածի2015 թվականի մարտի 5-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում և armtimes.com կայքում հրապարկված «Ծառուկյանի հանքերը կմուծվե՞ն» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ, չնայած հասարակական ավելորդ հնչեղությունից զերծ մնալու և հարցը չքաղաքականացնելու մեր դիրքորոշմանը, առավել ևս, որ հարցը գտնվում է դատարանի վարույթում, այնուամենայնիվ ստիպված ենք ներկայացնել որոշ պարզաբանումներ՝ հնչեցված մեղադրանքները օդում կախված չթողնելու համար:«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից տիրապետվող և օգտագործվող հողամասերը ի սկզբանե և առ այսօր տիրապետվում և օգտագործվում են բացառապես իրավական հիմքերի ուժով: Հողամասերի նկատմամբ ընկերության իրավունքները ճանաչված և գրանցված են դեռևս մինչև ընկերության մասնավորեցումը: Նշված հողամասերի նկատմամբ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Ընկերությանը տրամադրված են համապատասխան վկայականներ, որոնցում նշված է, որ դրանք տրամադրված են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 06.05.58 թ. թիվ Պ-146, 10.07.68 թ. թիվ 308, 14.06.84 թ. թիվ 355 և 16.05.86 թ. թիվ 337 հողհատկացման որոշումների հիման վրա:«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից տիրապետվող և օգտագործվող հողամասերն ըստ էության բաժանվում են 2 տեսակի`արտադրական նշանակության հողամասեր, որոնց վրա գտնվում են արտադրական օբյեկտները, ենթակառուցվածքները և ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասեր, որտեղ Ընկերությունն իրականացնում է հանքարդյունահանման գործունեություն: Ընկերությունը մասնավորեցվել է ՀՀ կառավարության 12.09.2002 թ. թիվ 1465-Ա որոշմամբ, որի 4-րդ կետով Արարատի մարզպետին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում ապահովել «Արարատցեմենտ» ընկերության կողմից օգտագործվող 457,5 հեկտար հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը` 49 տարի ժամկետով: Տարիներ շարունակ Ընկերությունը բազմաթիվ նամակներով դիմել է Արարատի մարզպետին նշված պայմանագրերի կնքումն ապահովելու առաջարկությամբ, սակայն դրանց կնքումը այդպես էլ չի ապահովվել տարբեր պատճառաբանություններով: Այնուհետև, որպես վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական անձ, Ընկերությունը, 04.10.2005 թ. ՀՕ-199-Ն օրենքի ուժով, արտադրական նշանակության հողամասերի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:Ընդերքօգտագործման նշանակության հողամասերը Ընկերությանը տրամադրվել են դեռևս 1995 թվականին (մասնավորեցումից առաջ) պետական լիազոր մարմնի կողմից տրված հանքարդյունահանման լիցենզիայով, լեռնահատկացման ակտով և ընդերքօգտագործման պայմանագրով: Նշված հողամասերը բացառապես պետության սեփականությունն են, որոնք, ըստ վարչատարածքային բաժանման, ընդգրկված են Արարատ, Գոռավան և Ավշար համայնքների վարչական սահմաններում:Ավշար համայնքին նշված հողամասերը փոխանցվել են Արարատի մարզային հողային հաշվեկշռից 06.10.2009 թ. ՀՕ-190-Ն օրենքի ուժով:2010 թվականի ապրիլին պաշտոնական գրությամբ դիմել ենք Ավշար համայնքի ղեկավարին, ներկայացնելով Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը և առաջարկել ենք կնքել վարձակալության համապատասխան պայմանագրեր: Պատասխան նամակով մեզ տեղեկացվել է, որ «Պայմանագրերը կկնքվեն կառավարությունից փաստաթղթերի համապատասխան փաթեթը ստանալուց հետո»: Պայմանագրերի կնքումն արագացնելու մեր բազմաթիվ նամակներին ի պատասխան 2011 թվականի մայիսին Ավշար համայնքի ղեկավարը մեզ տեղեկացրել է, որ «կիսում է մեր մտահոգությունը, սակայն առկա է ինչ-որ աշխատանքային քաշքշուկ և փաթեթը ստանալուց հետո մեզ կիրազեկի»: Նշված նամակների պատճենները կից ներկայացվում են: Պայմանագրեր կնքելու մեր դիմումները շարունակվել են ավելի քան 2 տարի, որից հետո 2012 թվականի օգոստոսին վերջապես ստացել ենք վարձակալության տրամադրելու մասին Ավշար համայնքի ավագանու որոշումը: Ավելի ուշ կազմվել և մեր համաձայնեցմանն են ներկայացվել վարձակալության պայմանագրերի նախագծերը: Բանակցությունների արդյունքում պայմանագրի բոլոր պայմանները փոխհամաձայնեցնելուց հետո դրանց սահմանված կարգով ընթացք է տրվել:Ավելին, չնայած հողաշինարարական գործը համայնքի ղեկավարի կողմից պատրաստելու կառավարության որոշմամբ սահմանված պահանջին, պայմանագրերի կնքումը հնարավորինս արագ ապահովելու նպատակով, հողաշինարարական գործն ամբողջությամբ պատվիրվել է մեր կողմից, մեր միջոցներով և մեր հաշվին և անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական փաթեթը պաշտոնական գրությամբ հանձնվել է Ավշար համայնքի ղեկավարին:Ինչպես հայտնի է, անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, ուստի, որպես պարտադիր պայման, վարձատուն՝ Ավշարի գյուղապետարանը նոտարի պահանջով պետք է ներկայացներ նաև միասնական տեղեկանքներ՝ երրորդ անձանց իրավունքներից և սահմանափակումներից հողամասերի ազատ լինելու մասին: Միասնական տեղեկանքներ, անշարժ գույքի վարձակալության գործընթացում, պարտավոր են ներկայացնել անշարժ գույքի բոլոր վարձատուները՝ անկախ անշարժ գույքի տեսակից:Սակայն, չնայած այն հանգամանքին, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի և Ավշարի գյուղապետարանի միջև փոխհամաձայնեցված պայմանագրերում նշված էր, որ հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան, կադաստրի կողմից Ավշարի գյուղապետարանին տրամադրված տեղեկանքներով պարզվեց, որ կան համադրումներ այլ հողօգտագործողների հետ: Այդ մասին մեզ գրավոր տեղեկացրել է Ավշար համայնքի ղեկավարը, առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ, չնայած որ համայնքի իրավունքն էր խախտվել և ինքն էր պարտավոր միջոցներ ձեռնարկել: Իսկ հողամասերի համադրման առկայության դեպքում անհնար է կնքել պայմանագիր, քանի որ հողամասի սահմանների և մակերեսների մասին չկան հստակ փաստագրված տվյալներ, ինչը նշանակում է, որ եթե անգամ այդ պայմանագիրը ստորագրվի և վավերացվի նոտարի կողմից, ապա այն կդիտարկվի որպես օրենքի խախտումով կնքված պայմանագիր, իսկ պայմանագրից բխող իրավունքները չեն գրանցվի լիազոր մարմնի կողմից, քանի որ առկա են համադրումներ (մերժման բացարձակ հիմք):Չնայած, որ խախտվել էր Ավշար համայնքի իրավունքը և որպես վիճարկող կողմ պետք է հանդես գար Ավշարի գյուղապետարանը, այնուամենայնիվ, որպես շահագրգիռ կողմ, սպառելով խնդրի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները, 2013 թվականի ապրիլին մեր ընկերությունը ստիպված եղավ դիմել դատարան: Ի դեպ, դատարանի կողմից 2014 թվականի փետրվարի 17-ին նշանակված դատաշինարարատեխնիկական փորձաքննությամբ 2015 թվականի մարտի 3-ին պատրաստվել է եզրակացություն, որով փաստվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցապահանջների հիմնավորվածությունը: Ներկայումս սպասում ենք դատական գործի վարույթը վերսկսելու և դատաքննությունը շարունակելու դատարանի որոշմանը:Այսպիսով, նկատի ունենալով, որ վարձակալության պայմանագրերի կնքումը ձգձգվել է մեզանից անկախ պատճառներով, իսկ վարձավճարի վճարումը հնարավոր է բացառապես իրավունքների պետական գրանցումից հետո, որպես բարեխիղճ տնտեսվարող, պարբերաբար, կանխավճարային հիմունքներով, միայն Ավշարի գյուղապետարանին փոխանցել ենք ավելի քան 31 միլիոն դրամ: Ի դեպ, Ավշար համայնքի ղեկավարը, իր 26.07.2012 թ. Ե-65-05 գրությամբ նույնիսկ խնդրել է «հիմնավորել այդ փոխանցումները», քանի որ դրանց ձևակերպման հիմքեր ըստ էության չունի: Գրության պատճենը կից ներկայացվում է:Անհրաժեշտ եմ համարում նշել նաև, որ ընդերքից կորզված պաշարների դիմաց Ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, պետական բյուջե է վճարում բնապահպանական և բնօգտագործման վճարներ՝ եռամսյակը մոտ 30 միլիոն դրամ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ: Հաշվի առնելով, որ դատական գործին երրորդ անձի կարգավիճակով ներգրավված է նաև Ավշարի գյուղապետարանը և լիարժեքորեն իրազեկված է գործի ընթացքին, դատաքննության այս փուլում, երբ մոտ մեկ տարի անց վերջապես առկա է Արարատցեմենտի կողմից ներկայացված հայցապահանջները հիմնավորող փորձագիտական եզրակացություն, առնվազն անհասկանալի է վերացական մեղադրանքներով հանդես գալու Ավշարի գյուղապետարանի դիրքորոշումը:Առավել ևս, որ վարձակալության պայմանագրերի կնքման նախաձեռնությամբ հանդես ենք եկել մենք, իսկ տեղական ինքնակառավարման մարմնում առկա խոչընդոտները վերացնելուն ուղղված գործողությունները գերադասել ենք անհիմն մեղադրանքներով հանդես գալու քաղաքականութունից: Արարատցեմենտ ՓԲԸ գլխավոր իրավաբան Ալիկ Ալեքսանյան

ԱՎԵԼԻՆ