Շուշիում քննարկել են Հայաստանի և Արցախի մշակութային համագործակցության հարցը

ԼՂՀ և ՀՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Շուշիում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով: ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, թե լսումներին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:Ողջունելով լսումների մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումների դերն օրենսդրական խնդիրների լուծման գործում: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման, նրան սպառնացող վտանգների կանխարգելման, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցերի՝ որպես համահայկական նշանակության հիմնախնդիրների, գիտակցումը եւ հավաքական ջանքերի միջոցով այդ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:Պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրների և կարգավորման ուղղությունների շուրջ ծավալուն զեկույցներ են ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարներն անդրադարձել են բնագավառի կառավարմանը, պետության և ստեղծագործական միությունների համագործակցությանն ու առկա մարտահրավերներին, մշակութային դիվանագիտությանը և մշակույթի գործիչների սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերին:ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԼՂՀ ԱԺ նույնանուն հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել են մշակութային ոլորտի օրենսդրական հիմնախնդիրների և ժամանակի մարտահրավերների՝ համապատասխանաբար ՀՀ եւ ԼՂՀ օրինակները:Ծավալված հարցուպատասխանի ընթացքում զեկուցողները պատասխանել են ներկաների հարցերին:

ԱՎԵԼԻՆ