Ադրբեջանը բռնանում է մարդու իրավունքների վրա. ԱՄՆ Կոնգրես

Ադրբեջանի իշխանությունները բռնություններ են իրականացնում մարդու իրավունքների նկատմամբ: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի՝ Եվրոպայի, Եվրասիայի եւ նոր մարտահրավերների հարցերով ենթահանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել են կոնգրեսականները: ԼՍումները նվիրված են եղել ԱՄՆ շահերին եւ Ադրբեջանում էներգետիկայի, անվտանգության եւ մարդու իրավունքների իրավիճակին, Վաշինգտոնից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:Լսումների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրոպայի, Եվրասիայի եւ նոր մարտահրավերների գործերի ենթահանձնաժողովի ներկայացուցիչ եւ Քալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Դանա Ռորաբաքերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունները զարգանում են 3 հիմնական ուղղություններով՝ էներգետիկա, անվտանգություն եւ մարդու իրավունքներ:«Ադրբեջանն ունի ներուժ, որպեսզի կարողանա առանցքային դեր խաղալ Եվրոպայի համար՝ Ռուսաստանի հսկողությունից դուրս,  բնական գազի աղբյուր դառնալու հարցում, սակայն, չնայած Ադրբեջանի կարեւոր դերին, չի կարելի չնկատել մարդու ազատությունների ոլորտում առկա բարդ իրավիճակը»,-հայտարարել է Ռորաբաքերը: Ըստ նրա, ավելի քան 90 քաղբանտարկյալների առկայությունը Ադրբեջանում չի կարող անտեսվել: Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի համար «անընդունելի է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի մասնաճյուղի փակումը»:Լսումներին որպես վկաներ ներկա են գտնվել Քենանի ինստիտուտի մասնագետ, դոկտոր Օդրի Ալստադը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչը եւ Ջոնս Հոփինսի համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը: Բոլոր 3 մասնագետներն ընդունել են մարդու իրավունքների խախտման փաստը ադրբեջանական իշխանությունների կողմից, սակայն կոնգրեսականներին խնդրել են շատ խիստ չդատել Բաքվին՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը:Բացի այդ, մասնագետները հրաժարվել են պատասխանել Ռորաբաքերի՝ Հայաստանում եւ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի համեմատության վերաբերյալ հարցադրմանը: Ըստ մասնագետների, չկան որոշակի ընդունված չափորոշիչներ նման համեմատություններ կատարելու համար: Սակայն Ռիչարդ Կազլարիչը, այնուամենայնիվ, ստիպված էր խոստովանել, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներն ավելի շատ են, քան Ռուսաստանում եւ Բելառուսում միասին վերցրած: Իսկ Օդրի Ալստադը հավելել է, որ չնայած Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնել էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների զարգացման պարտականություն, սակայն ամբողջովին տապալել է այդ գործընթացը:Կոնգրեսական Գրեգորի Միքսը (Նյու Յորք) լսումների ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները գնահատում են Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները եւ պատրաստ են աջակցել այլ ոլորտների զարգացմանը Ադրբեջանում՝ հավելելով, որ համագործակցությունը էներգետիկ դաշտում չի կարող ստվեր գցել քաղաքացիական հասարակության խնդիրների վրա:Բացի այդ, կոնգրեսական Ալբիա Սայրեսը (Նյու Ջերսի), նշել է, որ Վաշինգթոնը ծայրահեղ անհանգստացած է, որ Ադրբեջանի կառավարությունը որոշել է փակել քաղաքական իստիտուտները եւ անկախ լրատվամիջոցները: Նա նաեւ մատնանշել է, որ Ադրբեջանի ժողովրդավարացմանը խոչընդոտում են կառավարությունում առկա կաշառակերությունը եւ մարդու իրավունքների նկատմամբ բռնությունները:

ԱՎԵԼԻՆ