«Մենք վաղուց ենք խոսում նոր որակի իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին»․ Արմեն Ռուստամյան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդաժողովին։Պատգամավորի խոսքով՝ ինչ խորհրդաժողովի ընթացքում հրապարակավ հայտարարվել է, այդ ամենը ՀՅԴ-ն բառ առ բառ ասել է դեռևս 2010 թվականին, երբ դուրս է եկել կոալիցիայից: «Երբ «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայից, և այդ արդյունքներն ամփոփելիս մեր կողմից հայտարարվել է, որ «Դաշնակցությունը» ցանկանում է ձևավորել նոր որակի իշխանություն: Մենք իսկապես խոսել ենք ու վաղուց ենք խոսում նոր որակի իշխանության ձևավորման անհրաժեշտության մասին: Ուրախ եմ, որ գնահատականն այն է, որ պատճառների պատճառը քաղաքական մենաշնորհն է, մենք բազմիցս ենք խոսել այս մասին: Հիմա ասում են՝ ասողին լսող է պետք, մենք այսքան ասում ենք, մեզ չեն լսում, հիմա պարզվում է՝ նոր խնդիրներ են առաջացել, որոնց վերաբերյալ «Դաշնակցությունը» պիտի տեսակետ հայտնի»,-նշեց պատգամավորը:Արմեն Ռուստայանի համար անհասկանալի է նաև ԲՀԿ-ի այն հայտարարությունը, թե արդյունավետ կառավարման համակարգն անհրաժեշտություն է, բայց մյուս կողմից էլ ասում է՝ չի կարելի կառավարման մոդելը փոխել, քանի որ պատերազմող երկիր ենք: Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց պատերազմի մեջ է, և նոր իշխանությունների օրոք էլ դժվար պատերազմն ավարտվի:Ռուստամյանը ողջունելի է համարում Ծառուկյանի հայտարարությունը, թե իշխանափոխությունը մարդափոխությամբ չպիտի ավարտվի․ «Մենք էլ ենք դա ասում, իշխանափոխությունը, որպեսզի ժողովրդի շահերին ծառայի, պետք է լինի ամբողջական: Մենք էլ գիտենք, որ կուսակցությունն ու պետությունը նույնականացվել են։ Սակայն կեղծ է այն կարծիքը, որ երկրում Ընտրական օրենսգիրք փոխելով՝ իրավիճակը կշտկվի»։

ԱՎԵԼԻՆ