Սարգիս Ավետիսյան. «Խորհրդաժողովը սկիզբ կդնի մնացած կարևոր գործողությունների մեկնարկին»

Այսօրվա ասուլիսին «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը խոսելով երկրում առկա քաղաքական գործընթացներից՝ նշել է, որ ներքաղաքական խնդիրները զգալի են և մտահոգիչ։

-Հասարակությունը ծայրաստիճան բևեռացված վիճակում է գտնվում և՛ սոցիալական, և՛ քաղաքական խնդիրների, և՛, ինչու ոչ, նաև բարոյական խնդիրների առումով։ 2015 թվականն այդ առումով կլինի շատ լարված։ Մեզ սպասվում են բավականին լուրջ մարտահրավերներ, և եթե մեր պետությունը, իշխող քաղաքական ուժը և նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը որևէ բան չփորձեն մեր երկրում փոխել, ապա դժվար է ասել, թե առաջիկա երկու տարում ինչ է մեզ սպասվում։Բանախոսն ընդգծել է՝ երկրին անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ բոլո՛ր ոլորտներում։

Անդրադառնալով Գյումրու դեպքերին՝ Ավետիսյանը նշել է՝ պատասխանատու է ոչ միայն ՀՀ դատախազությունը, այլև երկրի անվտանգության ծառայությունները, ներքին գործերը, ոստիկանությունը և այլք, հետևաբար այդ ուղղությամբ, ըստ նրա, լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ։Խոսելով փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից՝ բանախոսը հավաստել է, որ «Համերաշխություն» կուսակցությունը մասնակցելու է միջոցառմանը։

–Ողջունելի է, որ այդպիսի խորհրդաժողով է կազմակերպվում։ Կարևոր է, որ խորհրդաժողովին մասնակցում են տարբեր քաղաքական կուսակցություններ, շարժումներ, հասարակական կազմակերպություններ, և հնարավորություն կունենան կարծիքներ արտահայտել և ընդհանուր որոշում ընդունել, գալ ընդհանուր հայտարարի։Բարձր գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը՝ Ավետիսյանը նշել է, որ այդ խորհրդաժողովը սկիզբ կդնի երկրում մնացած կարևոր գործողությունների մեկնարկին։Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա Սարգիս Ավետիսյանը մեկ անգամ ևս հաստատել է, որ իր կուսակցությունը դեմ է դրանց. «Շատ լավ հասկանում ենք, որ նախագահի ընտրությունը միակ քաղաքական ընտրությունն է Հայաստանում։ Մնացած բոլոր ընտրություններում մեր հասարակությունը կատարում է ոչ քաղաքական ընտրություն», – հավելելով, որ երկիրը պետք է ասելիք ու անելիք ունեցող նախագահ ունենա՝ հաշվի առնելով նաև այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է այն։«Մենք քայքայման գործընթացի մեջ ենք մտել. անընդհատ ինչ–որ բան տրոհվում է, տրոհման գործընթաց է գնում մեր երկրում, ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ քայքայվում է…», – ասել է բանախոսը։

Աղբյուրը` 7or.am

ԱՎԵԼԻՆ