ՀՅԴ-ն դարձավ Սերժ Սարգսյանի խոսափողը

Դաշնակցությունը հրապարակեց անցած տարվա հոկտեմբերին ներկայացված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր առաջարկները: Ավելին, ՀՅԴ-ն ակնկալում է, որ առաջարկների շուրջ իշխանությունների հետ խորհրդակցություններ կանցկացվեն: Ի դեպ, նոյեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ակնկալում է քաղաքական ուժերի լայն համախմբում, եւ որ այդ նպատակով իշխանությունները կոնսուլտացիաներ պետք է սկսեն քաղաքական ուժերի հետ: Հիմա ՀՅԴ-ն շտապում է մասնակցել այդ կոնսուլտացիաներին, թեեւ արդեն այսօր ակնհայտ է, որ քաղաքական ուժերի գերակշիռ մասը, հանրության զգալի մասը համակարծիք է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ, եւ որ առկա խնդիրներից եւ ոչ մեկը գործող սահմանադրությունից չի բխում:Եւ ստացվում է, որ անկախ առաջարկների բովանդակությունից, մասնակցելով այդ քննարկումներին, ՀՅԴ-ն փորձում է տպավորություն ստեղծել, թե Սերժ Սարգսյանի ասած լայն համախմբումն իրականություն է դառնում:Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա մեծ հաշվով ՀՅԴ-ն պաշտպանում է Սերժ Սարգսյանի թիմի ներկայացրած առաջարկները, որը գաղտնիք չէ, նպատակ է հետապնդում ապահովել գործող իշխանությունների անվերջ վերարտադրությունը: Ստացվում է, որ այժմ ՀՅԴ-ն լծվում է հենց այդ նպատակին եւ այստեղ գեղեցիկ խոսքերն ու առաջարկներն այլեւս չեն կարող փոխել ընդհանուր պատկերը:Առաջարկները հրապարակելով ՀՅԴ-ն դարձավ սահմանադրական փոփոխությունների հարցով Սերժ Սարգսյանի խոսափողը: Եւ արդեն կարեւոր չէ, թե ինչ ակնկալիք ունի դաշնակցությունն իր այս ծառայության համար: Այս դեպքում սա ամենակարեւոր եւ նույնիսկ փոքր կարեւորության հարց չէ: Իսկ կարեւորն այն է, որ ՀՅԴ-ն ի լուր աշխարհի հայտարարեց, որ սատարելու է գործող իշխանությունների վերարտադրությանը:Բնականաբար, դեմքը փրկելու համար ՀՅԴ-ն ունի նաեւ իր առաջարկները, որոնք անգամ ընդունվելու դեպքում ընդհանուր պատկերը չի փոխի: Դաշնակցության ներկայացուցիչն ասում է, որ եթե իրենց առաջարկները չընդունեն, ապա սահմանադրական փոփոխությունները չեն պաշտպանի: Ընդգծենք սակայն՝ առաջարկներն այնպիսին են, որ իշխանությունները դրանք չընդունելու պատճառ չեն ունենա: Այսուհանդերձ, նույնիսկ այս դեպքում ՀՅԴ-ն ինքն իրեն ապահովագրում է, ասելով, որ ամեն ինչ կախված կլինի, թե առաջարկների որ մասը կընդունվի: Այնպես որ, ինչպես ասում են, ամեն ինչ պարզ է:Պարզ է նաեւ, որ առաջիկայում ՀՅԴ-ն բավական անհարմար իրավիճակում է հայտնվելու, քանի որ Սերժ Սարգսյանի շեշտած հասարակական լայն համախմբումը սահմանադրական փոփոխությունների հարցով չի լինելու: Իսկ սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններ էլ չեն լինելու՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով:

Գեղամ Նազարյան

Քաղաքագետ

ԱՎԵԼԻՆ