Եռանախագահները շատ դիվանագիտական լեզվով են խոսում. Նալբանդյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում: Այդ մասին Բազելում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը:

«Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, եւ եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից:

Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները եւս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը: Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»,- նշել է Նալբանդյանն ու հավելել. «Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, եւ դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն: Ու՞մ է դա ուղղված: Հայաստանը եւ Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ.-ի համաձայնությունը, ինչպես նաեւ 1995թ.-ի փետրվարի հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագիրը, որը Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էր ստորագրված։ Ադրբեջանն է, որ միշտ խախտում է, չի հարգում դրանք»:

Նախարարի խոսքով, սա եւս մեկ առիթ էր եռանախագահների համար` ընդգծելու դրա կարեւորությունը, որովհետեւ այս տարվա ընթացքում, ցավոք, Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի եւ իրավիճակի լուրջ սրմանը։ «Այդ մասին են խոսում եռանախագահները՝ հիշատակելով հատկապես հուլիս-օգօստոս ամիսների գործողությունները, որոնք ծավալվել էին ադրբեջանցիների կողմից։ Նրանք հղում են կատարում Աստրախանում ձեռքբերված պայմանավորվածություններին եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ ամրագրված է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար անհապաղ փոխանակել ռազմագերիներին եւ վերադարձնել մահացած անձանց դիակները»,- նկատել է նա:

Ըստ Նալբանդյանի, Ադրբեջանը այս հարցի շուրջ հրաժարվեց համագործակցել թե համանախագահների, թե Կարմիր խաչի հետ՝ առաջ քաշելով ինչ-ինչ նախապայմաններ։ «Երկրորդ. ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել, երբ Ադրբեջանը, ուղղաթիռի խոցումից հետո, որը եռանախագահները ողբերգական են անվանում, տասն օրվա ընթացքում ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ փրկարար խմբերը, ԵԱՀԿ, Կարմիր խաչի ներկայացուցիչները, մոտենան եւ տարհանեն զոհված երեք երիտասարդների դիակները: Պարզ է, որ մարդասիրության որեւէ նշույլ այստեղ չկա։

Եռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում. ասում են, որ կարելի էր խուսափել այդ ողբերգությունից, այսինքն իրենք ուզում են ասել, որ պետք չէր դա անել, որ դա սխալ էր։

Դուք գիտեք, որ նախորդ հայտարարությունից հետո Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց եռանախագահների դեմ։ Չնայած նրանց կողմից նորից բավականին դիվանագիտական լեզվով էր ասվում, գնահատականն էր տրվում ուղղաթիռի խոցմանը։

Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լեզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է, նաեւ, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը` ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի դրանց հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա»,- նկատել է Նալբանդյանը:

ԱՎԵԼԻՆ