Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Հայաստանի վրա բացասական անդրադարձ չի ունենա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա: Երկրի ղեկավարի պատվիրակության կազմում ընդգրկված է տասը ռուս նախարար:
Վլադիմիր Պուտինի այցի, Հայաստանի վրա դրական կամ բացասական ազդեցության մասին «Zham.am»-ը զրուցեց արևելագետ Հակոբ Չաքրյանի հետ:

-Պարո՛ն Չաքրյան, դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ պատվիրակությամբ մեկնում է Թուրքիա: Ինչո՞ւ հիմա, և ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Վլադիմիր Պուտինի այցը:

-Վերջին շրջանում Թուրքիան իր ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները բավականին փչացրել է՝ կապված Իրաք-Սիրիա հակամարտության հետ, Ամերիկայի գլխավորած կոալիցիային չի միանում, խնդիրներ ունի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ նաև իրաքյան քաղաքականության հարցում և տարածաշրջանում: Այսինքն՝ Արևմուտքը Թուրքիային որպես մոդել պետք է առաջադրեր, սակայն Էրդողանի իսլամական հակումները թույլ չտվեցին, որ դա տեղի ունենար, որովհետև ԱՄՆ-ն միշտ խուսափում է իսլամական թիմից: Ըստ երևույթին, Պուտինը մեծ պատվիրակությամբ գնում է, որ Թուրքիային սիրաշահի և այդ հարաբերությունների լարվածությունը պահպանի:

-Այսինքն՝ Թուրքիան կհենվի ռուսական կողմից տրվող խոստումների վրա և քայլեր չի՞ ձեռնարկի Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու համար:

-Այսինքն՝ Ռուսաստանը Թուրքիային սիրաշահելու է, որպեսզի Թուրքիան պարտադրված չլինի Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու մասին մտածել՝ հենվելով Ռուսաստանի աջակցության վրա: Ես կարծում եմ, որ Պուտինի այցն այդ նշանակությունը կունենա:

-Պուտին-Էրդողան հանդիպումն արդյոք որևէ անդրադարձ կունենա՞ Հայաստանի վրա: Պե՞տք է սպասել որևէ հետևանքի:

-Ընդհանուր առմամբ, Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Հայաստանի վրա բացասական անդրադարձ չի ունենա: Որոշ հարցեր Հայաստանը կարող է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող Ռուսաստանի միջոցով լուծել, ոչ թե ԱՄՆ-ի կամ Եվրամիության: Մեծ տարբերություն չի լինի, այսինքն, միևնույն է, Թուրքիան չի հրաժարվի իր որդեգրած հակահայկական քաղաքականությունից:

Zham.am

ԱՎԵԼԻՆ