Մթերվել է 3.9 մլրդ դրամ պտուղբանջարեղեն եւ 28 մլրդ դրամի խաղող. փոխնախարար

Նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղեն վերամշակող 40 եւ խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 230.6 հազար տոննա պտուղբանջարեղեն (5.9 մլրդ. դրամի) եւ խաղող (28.0 մլրդ. դրամի): Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Այդ թվում` 33.5 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 23.1 հազար տոննա լոլիկ, 13.1 հազար տոննա պտուղ եւ 184.0 հազար տոննա խաղող: Պետք է նշել, որ մթերման ընդհանուր ծավալը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 6.7 հազար տոննայով, կամ 3 տոկոսով: Բացի դրանից՝ աճել են մթերման գները. եթե անցած տարի խաղողն արժեր 146.2 դրամ, ապա այս տարի այն արժի 152.1 դրամ: Նույնը վերաբերվում է պտուղ-բանջարեղենի մթերմանը, մասնավորապես՝ լոլիկի մթերման միջին գինը գերազանցել է 40 դրամը»,- ասաց նախարարի տեղակալը:

Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ այս տարի արձանագրվել է նաեւ մթերվող պտուղբանջարեղենի եւ խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումների գործընթացի բարելավում. «Վճարումների մեծ մասը կատարվել է անմիջապես գնման պահին կամ 7-10 բանկային օրերի ընթացքում: Նոյեմբերի 6-ի դրությամբ պտուղբանջարեղենի մթերումների դիմաց կատարված վճարումները կազմում են 95.9 տոկոս կամ 5946.7 մլն դրամից վճարվել է 5702.1 մլն դրամը, իսկ խաղողի մթերումների դիմաց՝ 91.6 տոկոս կամ 27993.0 մլն դրամից վճարվել է 25638.0 մլն դրամը: Վճարման ենթակա մնացած 2599.6 մլն դրամը, ըստ ընկերությունների հավաստիացման ամբողջությամբ կվճարվեն  մինչեւ տարեվերջ»:

ԱՎԵԼԻՆ