ԵՊՀ-ում մասնագիտացված էլեկտրոնային լսարան է բացվել

Երեւանի պետական համալսարան տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 6-ին, բացվել է նոր էլեկտրոնային մասնագիտացված լսարան: Համալսարանի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ պաշտոնական բացմանը ներկա է գտնվել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԵՊՀ նորաբաց կենտրոնում մայր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ կուսումնասիրեն պլանշետների ծրագրերի ծրագրավորման դասընթացներ: Այն կօգտագործվի նաեւ ԵՊՀ ՏՏ կենտրոնի կարիքների համար:

Կրթական կենտրոնի բացումից հետո  նախարար Արմեն Աշոտյանն ու “Սամսունգ” ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լին ստորագրել են կրթական բնագավառում ծրագրավորման եւ ՏՏ հիմունքների ոլորտում լրացուցիչ կրթության զարգացման մասին համաձայնագիր: Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ տեղակատվական տեխնոլոգիաների ոլորտը հատուկ կարեւորություն ունի հանրակրթության եւ բուհական կրթության բնագավառում. “Բարձր տեխնոլոգիաների ոլորտը անսահմանափակ հնարավորություն ունի ստեղծել ժամանակակից կրթական միջավայր: ՏՏ ոլորտը մենք դիտարկում ենք ոչ միայն մասնագիտական ուղղվածություն, այլեւ ժամանակակից գործիք՝ բոլոր մասնագիտությունների մրցունակ կրթություն կազմակերպելու համար՝ ապահովելով հետաքրքիր եւ ինտերակտիվ դասապրոցես”,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ԵՊՀ-ում “Սամսունգ” կենտրոնի բացումն այս շարքում վերջին ձեռքբերումներից է:

Մասնագիտացված էլեկտրոնային լսարանը վերազինված է էլեկտրոնային սարքավորումներով՝ էլ. գրատախտակ, նոթբուքեր, պլանշեթներ: Պլանշեթներն ու նոթբուքերը միանում են մեկ լոկալ ցանցով, իսկ ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս հետեւել ուսանողների ակտիվությանը, արգելափակել կամ թույլատրել օգտագործվող ծրագրերի հասանելիությունը՝ այն ցուցադրելով յուրաքանչյուր ուսանողի պլանշեթի կամ նոթբուքի վրա:

Լսարանը նախատեսվում է օգտագործել ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնում իրականացվող մագիստրոսական ծրագրերի դասընթացների, գործնական եւ լաբորատոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաեւ ոչ մասնագիտական ֆակուլտետների համար նախատեսված “Համակարգչից օգտվելու հմտություններ” եւ “Android ծրագրավորման ներածություն” դասընթացներ մշակելու եւ իրականացնելու համար: Հետագայում կկազմակերպվեն նաեւ հատուկ ծրագրեր եւ թրեյնինգներ միջնակարգ դպրոցի եւ բարձր դասարանցիների համար, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել ՏՏ ոլորտում:

ԱՎԵԼԻՆ