Յուղոտ ձուկը՝ դեպրեսիայի բուժման հաջողության բանալի

Դեպրեսիան բուժելը դյուրին չէ, քանի որ հիվանդների շուրջ 50%-ը չի արձագանքում հակադեպրեսանտներին: Սակայն դանիացի գիտնականները գտել են թերապիայի արդյունավետությունը բարձրացնելու միջոցը: Ամեն ինչ պարզ է. հարկավոր է ավելի շատ յուղոտ ձուկ օգտագործել:

Հետազոտող Ռոել Մոկինի խոսքով՝ իրենք փնտրում էին կենսաբանական յուրահատկությունները, որոնք կարող էին բացատրել հակադեպրեսանտների հանդեպ արձագանքի բացակայությունը: Եվ ուշադրության կենտրոնում է հայտնվել յուղաթթուների նյութափոխանակության եւ սթրեսին հորմոնային պատասխանի կարգավորման վերլուծությունը:

Պարզվում է՝ դեպրեսիայի ժամանակ առկա է յուղաթթուների փոխանակության փոփոխություն, որն առանձնահատուկ կերպով կարգավորվում է սթրեսի հորմոնների կողմից: Յուղոտ ձկան արդյունքը փորձել են 70 հիվանդի օրինակով: Ընտրվել են նաեւ 51 առողջ մարդիկ: Արձանագրել են նրանց մոտ առկա յուղաթթուների եւ կորտիոլի մակարդակը: Նաեւ դիետա է նշանակվել:

Դրանից հետո հիվանդներին հակադեպրեսանտների առաջին չափաբաժինն են տվել (դրանք ընդունել են 6 շաբաթ), որն անհրաժեշտության դեպքում ավելացրել են: Ըստ MedDaily-ի, պարզվել է, որ թերապիային չարձագանքող հիվանդների մոտ յուղաթթուների փոխանակումը խանգարված է եղել:

Կախված օգտագործված յուղոտ ձկան քանակությունից՝ հիվանդներին բաժանել են 4 խմբի: Թերապիային ամենավատն արձագանքել են սննդակարգում ամենաքիչ քանակությամբ ձուկ ներառած հիվանդները: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ ձուկ օգտագործած հիվանդների մոտ թերապիայի արդյունավետությունը կազմել է 75%: Եթե մարդը ձուկ ընդհանրապես չի կերել, արդյունավետությունը կազմել է 23%:

Գիտնականները ցանկանում են նման կապ գտնել նաեւ սննդակարգի եւ այլ հիվանդությունների բուժման արդյունավետության միջեւ:

ԱՎԵԼԻՆ