Երևան է ժամանել Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՌԴ մայրաքաղաքում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։

Բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման եւ ամրապնդման կարեւորությունը, նաեւ հատկանշել է, որ 2013 թվականին Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների միջեւ ստորագրված 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը փոխգործակցության խորացման նոր հնարավորություններ է ընձեռում. «Մոսկվան մեզ համար կարեւոր գործընկեր է եւ, հաշվի առնելով վերջին տարիներին մեր ծրագրային համագործակցության արդեն ապացուցված արդյունավետությունը, պետք է աշխատանք տանենք առկա փոխշահավետ գործակցությունն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ սեպտեմբերին, արդեն 5-րդ տարին անընդմեջ, Մոսկվայում անցկացվեց «Ոսկե նուռ» փառատոնը, որը Երեւան-Մոսկվա համագործակցության արդյունքում կյանքի կոչվող հաջողված նախագծերից մեկն է: Վստահ եմ, որ ձեւավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Այս տեսանկյունից կարեւոր եմ համարում նաեւ կոնկրետ ծրագրերի իրականացումը՝ ներդրումային եւ մի շարք այլ ոլորտների ուղղությամբ, ինչում իր դերն ունի նաեւ Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակությանը Երեւանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը փոխանցելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները քաղաքի տոնի կապակցությամբ, նաեւ շնորհակալություն է հայտնել տոնակատարությանը մասնակցության հրավերի համար:

«Առաջին հերթին, պարոն քաղաքապետ, թույլ տվեք նկատել, որ մշտապես երիտասարդ Երեւանն  իսկապես զարգանում է օրեցօր եւ յուրաքանչյուր այցի ընթացքում քաղաքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նկատելի են դառնում, ինչն, իհարկե, խոսում է Ձեր աշխատանքի մասին: Ինչ վերաբերում է Երեւան-Մոսկվա համագործակցությանը, ապա պետք է նշեմ, որ մենք ուրախ ենք գործակցային կապերի խորցամամբ եւ առաջիկա տարիներին եւս ակնկալում ենք ակտիվ համագործակցություն քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով»,-նշել է Վլադիմիր Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկու մայրաքաղաքների միջեւ առկա համագործակցության ընդլայնման հետ կապված այլ հարցեր։

ԱՎԵԼԻՆ