Շների հարցով դիմել են Երեւանի քաղաքապետին. Մի վնասազերծեք ստերջացված շներին

Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին՝ Երեւանում թափառական շների հարցով:

Բաց-նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք իհարկե գիտենք, որ կա «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անտուն կենդանիների գլխաքանակի վերահսկմամբ, սակայն եթե մեզ ահազանգում են բնակիչները եւ ցանկանում են, որ հենց մենք ստերջացնենք իրենց բակի կենդանուն, քանի որ անվստահություն են հայտնում վերոնշյալ ընկերության կատարած աշխատանքի նկատմամբ, մենք ստերջացնում ենք կենդանուն եւ վերադարձնում բակ:

Մեր կողմից ստերջացված կենդանիները ունեն տարբերանշաններ, այն է՝ վզկապներ: Մենք ստերջացնում ենք միայն այն դեպքում, եթե բակի բնակիչների մեծամասնությունը կողմ է այդ կենդանու ներկայությանը իրենց բակում: Բնականաբար ամեն բակում միշտ էլ գտնվում է մի բնակիչ, ովքեր չեն սիրում կենդանիներին եւ ցանկանում են, որ այդ կենդանին այդ բակից հեռացվի: Նման բնակիչները բողոքում են համապատասխան մարմնին՝ «Յունիգրաֆ Իքս»-ին: «Յունիգրաֆ Իքս»-ն էլ գնում եւ տանում է այդ կենդանուն:

Եղել են դեպքեր, երբ հաջողվել է հետ վերադարձնել մեր կողմից ստերջացված շներին, կամ գալ համաձայնության բողոքող բնակիչների հետ, բայց դա միայն այն դեպքում, երբ մենք նախապես իմացել ենք, որ «Յունիգրաֆ Իքս»-ին բողոքել են մեր կողմից ստերջացված շան մասին: Իսկ այն դեպքերում, երբ մենք այդ մասին չենք իմանում, շունը կորչում է անհայտ:

Ուզում եմ նշել, որ մեր կազմակերպության միակ եկամուտը նվիրատվություններն են, որոնք կատարած աշխատանքի համեմատ մի քանի անգամ ավելի քիչ են: Այդ պատճառով ամեն ստերջացում կատարելը ֆինանսապես մեզ համար շատ դժվար է: Իսկ երբ մեծ դժվարությամբ հայթայթվում է այդ գումարը, կենդանին անցնում է այդ վիրահատության միջով, եւ հատկապես երբ դա արվում է բակի բնակիչների մեծամասնության խնդրանքով, այդ շան վնասազերծումը «Յունիգրաֆ Իքս»-ի կողմից անարդար է:

Մենք խնդրում եւ պահանջում ենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից պատվեր կատարող «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն չվնասազերծի այն շներին, որոնք ստերջացվել են «Դինգո Թիմ» ՀԿ կողմից եւ որին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ իրենց նվիրատվություններով: Իսկ եթե կա բողոք եւ այդ բողոքին պետք է անպայման արձագանքել, ապա խնդրում ենք, որ «Յունիգրաֆ Իքս»-ը մեր կողմից ստերջացված շների մասին բողոքները պարզապես փոխանցի մեզ եւ մենք կլուծենք այդ հարցը»:

ԱՎԵԼԻՆ