Բաց նամակ վարչապետին. Ավարտին հասցրեք այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը

Ամիրյան 4 շենքի սեփականատերերը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խնդրելով «գոնե յոթ տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցնել ներկայումս փաստացի Ձեզ պատկանող այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը»:

Բաց նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Վարչապետ, մենք (65 ընտանիք) 2005-2007 թ.թ. Ամիրյան 4 շենքում գնել ենք բնակարաններ: Ըստ բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերի Ամիրյան 4 շենքը պետք է շահագործման հանձնվեր 30 ամիս հետո: Երեւանի քաղաքապետարանի եւ կառուցապատողի միջեւ 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (տես Քաղաքապետարանի եւ կառուցապատողի միջեւ 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2): 2007թ. հունիսին շենքի տեղում միայն հիմքն էր գցված, սակայն ՀՀ-ն կառուցապատողից չվերցրեց իր տրամադրած տարածքը, ինչը նախատեսված էր Երեւանի քաղաքապետարանի եւ կառուցապատողի միջեւ 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով: Ավելին, ՀՀ-ն չկնքեց նոր պայմանագիր, որտեղ կամրագրվեր նոր ժամկետ: 2008թ. նոր միայն շենքի նախագիծն է հաստատվել։

2011–2012 թ.թ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները օգտագործելով իրենց քմահաճույքներին հնազանդ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ դատարաններին, խախտելով ՀՀ օրենքները մեր՝ 65 ընտանիքների (282 մարդ) վզին փաթաթեցին անժամկետ պայմանագրեր (տես datalex.am): Այսպիսով ք. Երեւան, Ամիրյան 4 շենքի շինարարության ավարտը թողնելով առանց մրցույթի Երեւանի նախկին քաղաքապետ Ե.Զաքարյանի կողմից ընտրված կառուցապատողի ժառանգի քմահաճույքին:

Համաշխարհային իրավաբանության մեջ անժամկետ պայմանագիրը մի չտեսնված եւ չլսված բան է: Սա ՀՀ իրավաբանական մտքի նորամուծությունն է համաշխարհային իրավագիտության մեջ:

 2012 թ. Մարտի 30-ին Ամիրյան 4-ի կառուցման շինարարական աշխատանքների ավարտի կապակցությամբ տրվել են համապատասխանաբար հ.01/19-12/16172-84, հ.01/19-Մ-2011-85, հ.01/19-Մ-2012-82 եւ հ.01/19-Մ-2013-83 շինարարության շահագործման փաստագրման ակտերը: Այսինքն կիսակառույցին տրվել է շահագործման ակտ: Ամիրյան 4-ի հետ կապված այս հերթական հանցագործությունը մեզ այլեւս չի էլ զարմացնում:

Հարգելի պարոն Վարչապետ, խնդրում ենք ուղղել վերը նշված անպատիժ մնացած ապօրինությունների եւ հանցագործությունների հետեւանքներն ու վերականգնել մեր Սահմանադրական իրավունքը (հոդված 31) եւ գոնե յոթ տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցնել ներկայումս փաստացի Ձեզ պատկանող այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը:

Հարգանքով փ. Ամիրյան 4 282 սեփականատերեր:

ԱՎԵԼԻՆ