«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով

Սիրելի’ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մեզ համար բոլոր ժամանակներում էլ գիրն ու դպրությունը, ուսումն ու կրթությունը եղել և մնում են անփոխարինելի արժեքներ: Մեր երկրի զարգացման ու բարգավաճման երաշխիքն ու գրավականը լավ կրթություն ստացած ու բանիմաց սերունդն է, և այս գործընթացում անասելի մեծ է մանկավարժների ու դասախոսների դերը, որոնց տված գիտելիքների հիման վրա են ձևավորվում մեր ազգին ու պետությանն արժանի քաղաքացիներ:

Սրտանց շնորհավորում եմ այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոց: Այսօրվանից ձեր համար մի նոր կյանք է սկսվում՝ գիտելիքների զարմանահրաշ աշխարհի բացահայտման ժամանակաշրջանը: Օգտագործե’ք կրթվելու և գիտելիքներով հարստանալու բոլոր հնարավորությունները, լավ սովորե՛ք և հավատացե՛ք, որ ձեզանից յուրաքանչյուրից է կախված մեր երկրի ապագան: Ես հուսով ու համոզված եմ, որ վաղվա Հայաստանի բարգավաճումը հենց այսօր է սկսվում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի ու դպրության տոնի կապակցությամբ մաղթում եմ մեր դպրոցականներին և ուսանողներին լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, մեծ ձգտում և աշխատասիրություն:

Հավատացե՛ք, որ ամեն ինչ լավ է լինելու:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

ԱՎԵԼԻՆ