Գյուղնախարար. Ծիրանի արտահանման ծավալներում գրեթե 21 հազար տոննայի պակաս կա

Գյուղատնտեսության ոլորտում այս տարին կարելի է բարեհաջող համարել՝ չնայած անբարենպաստ եղանակին եւ բնության մատուցած անակնկալներին: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով, մարդկանց մոտ տպավորություն է, թե քանի որ լրատվամիջոցներն անընդհատ խոսում են կարկտահարության եւ ցրտահարությունների մասին, ուրեմն այս տարի բերք չենք ունենալու:

«Բայց մեր հանրապետությունում կարկտահարություն լինում է ամեն տարի եւ, միջին հաշվարկներով, 200-250 համայնքներ կարկտահարվում են: Պարզապես այս տարի հաճախականությունն ու կարկտահարված տարածքների աշխարհագրութլունն ավելի մեծ էր, իսկ մարդկանց մոտ տպավորությունը՝ խիստ բացասական»,- նշել է գյուղնախարարը:

«Իհարկե, վնասներ նույնպես ունեցել ենք»,- խոստովանել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը գարնանային՝ մարտի վերջի եւ ապրիլի սկզբի ցրտահարությունների մասին է: Դրանք մեծ վնաս են պատճառել հատկապես ծիրանենիներին. ծիրանի այգիների ավելի քան 6.000 հեկտարը ցրտահարվել է:

«Եթե մենք անցյալ տարի 88.500 տոննա ծիրանի համախառն բերք ունեցանք, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմում է 12-13.000 տոննա, թեպետ տվյալները դեռեւս ամբողջությամբ չեն ամփոփվել: 1.800 տոննան արտահանվել է արտերկիր, իսկ վերամշակող ձեռնարկություներն ընդունել են շուրջ 200 տոննա: Այսինքն՝ մենք արտահանվող ծավալներում գրեթե 21.000 տոննայի պակաս ունեցանք. անցյալ տարի արտահանել էինք 23.500 տոննա ծիրան»,- նշել է Սերգո Կարապետյանը:

ԱՎԵԼԻՆ