«ՏաԹեւեր» ճոպանուղին փոխադրեց իր 250.000-րդ ուղեւորին

Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու հոբելյանական հաճախորդ դարձավ Մերի Հովհաննիսյանը Եղեգնաձորից, որը Տաթեւ էր եկել Սանկտ Պետերբուրգից ժամանած եղբոր՝ Արթուր Բայաթյանի հետ:

Ճոպանուղու անձնակազմը անակնկալ էր պատրաստել հոբելյանական հաճախորդի համար՝ նվիրելով մեկ տարվա ընթացքում «ՏաԹեւեր» ճոպանուղուց անվճար օգտվելու հնարավորություն, ինչպես նաեւ տարբեր հուշանվերներ։

«Շնորհավորում ենք Մերիին եւԱրթուրին եւ շնորհակալություն հայտնում նրանց, ինչպես նաեւ «ՏաԹեւեր» ճոպանուղու մյուս բոլոր ուղեւորներին», – ասաց «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը եւ հավելեց. «Գործունեության 4 տարիների ընթացքում ճոպանուղին տեղափոխել է 250 հազար զբոսաշրջիկ, եւ սա դեռ մեր մեծ ծրագրերի սկիզբն է։ Առաջիկայում «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կստեղծվեն նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներ, նպաստելով առավել մեծ քանակի զբոսաշրջիկների հոսքին դեպի Տաթեւ եւ «ՏաԹեւեր ճոպանուղի»։ Հիշեցնեմ, որ ճոպանուղուց ստացվող եկամուտն ուղղվում է Տաթեւի վանական համալիրի վերականգման եւ համայնքային զարգացման ծրագրերին: Համեցեք Տաթեւ»։

«Սա մեծ անակնկալ էր մեզ համար։ Շատ հաճելի էր նման նվեր ստանալ», – նշեց ճոպանուղու 250.000-րդ հաճախորդՄերի Հովհաննիսյանը. «Չնայած, որ ճանապարհը բավական երկար է, ոչ միայն չենք փոշմանել, որ անցել ենք այն, այլ մտադիր ենք կրկին այցելել Տաթեւ ընկերների հետ։ Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներից նման դրական էմոցիաներ պարգեւելու համար»։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյան՝ «Մենք շարունակելու ենք անակնկալներ մատուցել «ՏաԹեւեր» ճոպանուղու հաճախորդներին, ինչպես նաեւ ակտիվացնելու ենք մեր համայնքային զարգացման ծրագրերը։ Կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, եւ փառատոններ՝ աջակցելու տեղական արհեստագործական եւ գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը։ Շուտով կսկսվեն Տաթեւի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները։ Իրականացվող ծրագրերը խթանում են զբոսաշրջային հոսքերի կայուն աճը, որի արդյունքում հույս ունենք այս տարի արդեն սպասարկել ճոպանուղու 300 հազարերորդ հաճախորդին»։

ԱՎԵԼԻՆ