Մոսկվայի մետրոյի վթարի գործով երկու կասկածյալ է ձերբակալվել

Մոսկվայի մետրոյում երեկ տեղի ունեցած վթարի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու կասկածյալ, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքին: Ձերբակալվել է երկու մարդ, ովքեր կասկածվում են տրանսպորտային անվտանգության պահանջները խախտելու համար: «Դա «Մոսկվայի մետրոպոլիտեն» պետական ունիտար ձեռնարկության ճանապարհային ծառայության ճանապարհային վարպետ Վալերի Բաշկատովն է և ճանապարհային վարպետի օգնական Յուրի Գորդովը: Ձերբակալվածներն արդեն հարցաքննվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ մետրոյում վթարի պատճառը դարձել է վատ ֆիքսված ուղեսլաքի մեխանիզմը:

Քննիչները կարծում են, որ աշխատանքներն իրականացվել են ոչ պատշաճ ձևով. ուղեսլաքի մեխանիզմը ֆիքսված է եղել սովորական 3-միլիմետրանոց մետաղալարով, որը պոկվել է:

Քննչական կոմիտեում նշել են, որ ներկայում կասկածյալների թվում անձինք են, որոնք անմիջականորեն աշխատանքներ են իրականացրել, սակայն կոմիտեում խոստանում են քրեական պատասխանատվության ենթարկել «այդ ողբերգությանն առնչվող բոլոր մարդկանց»՝ սկսած կատարողներից, վերջացրած ղեկավար օղակների պաշտոնատար անձանցով:

Մոսկվայի մետրոյում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Վթարի հետևանքով տուժել է 162 մարդ, նրանց թվում կան հայազգի անձինք:

ԱՎԵԼԻՆ