Անթույլատրելի է սրբավայրերի շրջակայքում միջոցառումների անցկացումը, որոնք կարող են սրբապղծության առիթ դառնալ. Մայր Աթոռ

Անթույլատրելի եւ դատապարտելի է սրբավայրերի շրջակայքում նման միջոցառումների անցկացումը, որոնք կարող են սրբապղծության առիթ դառնալ: Այս մասին հայտնել է Գարեգին Բ-ի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» տաճարում փարթիների կազմակերպմանը: «Ցավալի է այն ամենը, որ կատարվել է խոնարհված «Զվարթնոց» տաճարի տարածքում: Այն մեզ համար կա եւ մնում է իբրեւ իր հոգեւոր առաքելությունը կատարող նվիրական սրբավայր:

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը երբեք դեմ չէ հոգեւոր-մշակութային միջոցառումների կազմակերպմանը պատմական վանքերի եւ եկեղեցիների հովանու ներքո: Սակայն Մայր Աթոռի համար անընկալելի է նմանատիպ միջոցառումների արտոնումը:

Չպետք է գայթակղության առաջնորդել մեր հավատավոր ժողովրդին եւ առավել եւս արատավորել քրիստոնյայի բարի անունը, ինչպիսին մեր ազգը ճանաչված է ամբողջ աշխարհում»,-ասել է Մելիքյանը:

ԱՎԵԼԻՆ