Հարավային Կորեայում դատում են խորտակված «Սեւոլ» լաստանավի անձնակազմին

Հարավային Կորեայում սկսվել են ապրիլին խորտակված «Սեւոլ» լաստանավի անձնակազմի 15 անդամների գործով նախնական լսումները: Հունիսի 17-ին մեղադրյալները կանգնել են Կվանջուի դատարանի առաջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Սեւոլի» նավապետը եւ անձանակազմի երեք ավագ անդամներ մեղադրվում են անփութության եւ մարդկանց մահվան մեջ: Անձնակազմի մյուս 11 անդամներին անփութության մեղադրանք է ներկայացվել:

Ըստ մեղադրող կողմի` նավապետը, առաջին եւ երկրորդ օգնականները եւ գլխավոր ինժեները լքել են խորտակվող լաստանավը, իսկ ուղեւորներին հրամայել մնալ նավում: Նրանց  մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալներին սպառնում է ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք,  լաստանավը խորտակվել էր Կորեական թերակղզու ափերից ոչ հեռու` ապրիլի կեսերին: Ողբերգության հետեւանքով զոհվել էր 300 ուղեւոր, մեծ մասը` աշակերտներ: Լաստանավում եղել էր 476 ուղեւոր:

ԱՎԵԼԻՆ