«Դեմ եմ»-ի անդամը դիմել է դատարան՝ պահանջելով վերադարձնել գանձված գումարները

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հետ վերադարձնել իրենից հունվարի 1-ից գանձված հինգ տոկոս պարտադիր վճարը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սրբուհի Ղազարյանը: «Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին կայացրած որոշման շատ կետեր չեն պահպանվում: Նախ, ըստ եզրափակիչ որոշման 7-րդ կետի 2-րդ մասով՝ նախկինում գանձված գումարները պետք է վերադարձնել: Սակայն նոր միջանկյալ օրենքում դա չկա: Այդ պատճառով ես դիմել եմ դատարան, որպեսզի վերականգնեմ պահված գումարը: Գործն ընդունվել է վարույթ, դատական նիստի օրը առաջիկա երկու շաբաթների ընթացքում պարզ կլինի»,- ասաց նա:

Սրբուհի Ղազարյանը կոչ արեց բոլոր աշխատողներին դիմել դատարան եւ վերականգնել ոտնահարված իրավունքը:

Նշենք, որ կուտակայինի մասին նոր օրինագծով, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, այն քաղաքացիները ովքեր չեն ցանկանում մասնակցել համակարգին, պետք է դիմումներ ներկայացնեն իրենց գործատուներին՝ պահումներ չանելու պահանջով:

ԱՎԵԼԻՆ