ԵԱՀԿ-ն քաջալերում է Հայաստանում ոստիկանության, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության միջեւ ավելի սերտ համագործակցությունը

Այսօր Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա կլոր-սեղան քննարկման թեմաներից են ՀՀ ոստիկանական բարեփոխումների ներկայիս զարգացումները եւ ոստիկանության եւ հասարակության միջեւ համագործակցության գնահատումը: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառմանը, որը կազմակերպվել է ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ, մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության շուրջ 40 ներկայացուցիչ: Վերջիններս վերլուծելու են ոստիկանության եւ ԶԼՄ-ների միջեւ հարաբերությունների առաջընթացը եւ առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն ասաց. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը եւ պահպանել հասարակական կարգը: Այսօրվա քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության եւ հանրության միջեւ ավելի արդյունավետ փոխըմբռմանը»:

Կլոր սեղանի մասնակիցները կանդրադառնան նաեւ ոստիկանությունում վերջին զարգացումներին: Հատուկ ուշադրություն կդարձվի համայնքային ոստիկանության,  հասարակական կարգի պահպանման հարցերին, ինչպես նաեւ նորարար մոտեցումների ներդրմանը եւ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու ուղիների, ինչպես նաեւ ժողովրդավարական ոստիկանության միջազգային փորձի կիրառման վրա:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շարունակում է աջակցել Հայաստանի ոստիկանությանը համայնքային ոստիկանության, կրթական բարեփոխումների, հասարակական կարգի պահպանման եւ ոստիկանություն-ԶԼՄ-հանրություն համագործակցության ոլորտներում ժողովրդավարական ոստիկանական սկզբունքների եւ փորձի ամրապնդմանը:

ԱՎԵԼԻՆ