Սկանդալ Կաննի փառատոնում. ուկրաինական լրագրողը մտել է հայտնի դերասանու շրջազգեստի տակ (photo;video)

Ոչ միայն «Եվրատեսիլն» է սկանդալով պարուրված, էպատաժի ու անհեթեթության ալիքը հասել է նաեւ Կաննի հեղինակավոր փառատոն: Այնտեղ նույնպես սկանդալ է եղել, այն էլ ինչպիսի… Ուկրաինական լրագրող Վիտալի Սեդյուկը կարմիր գորգի վրա փորձել է մտնել հոլիվուդյան դերասանուհի Ամերիկա Ֆերերեյի շրջազգեստի տակ:

Դեպքը տեղի է ունեցել «Ինչպես վարժեցնել վիշապին 2» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ: Կարմիր գորգի վրա էին մուլտֆիլմի հերոսներին կրկնօրինակած դերասաններ Քեյթ Բլանշեթը, Ամերիկա Ֆերերան, Ջիմոն Հոնսուն, Քիթ Հարինգթոնը:

«Ugly betty» սերիալի աստղ Ամերիկա Ֆերերան պրեմիերային եկել էր ձյունաճերմակ փարթամ զգեստով, որն էլ դարձել է տհաճ միջադեպի ակամա մեղավորը: Երեկույթի թեժ պահին ուկրաինական «1+1» հեռուստաալիքի լրագրող Վիտալի Սեդյուկը դուրս է նետվել մարդկանց շարքից ու վազել կարմիր գորգի վրա կեցվածք ընդունող աստղերի կողմը: Տղամարդն ընկել է մեջքով կանգնած Ֆերերայի եւ Բլանշեթի ոտքերի տակ, բարձրացրել Ամերիկայի զգեստն ու գլուխը մտցրել դրա տակ: Դերասանուհին շփոթված շրջվել է եւ չի կարողացել հավատալ աչքերին: Բարեբախտաբար, անվտանգության պահպանության աշխատակիցներն արագ հեռացրել են լրագրողին եւ հանձնել ֆրանսիական ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ լրագրող Վիտալի Սեդյուկը վաղուց է հայտնի իր տարօրինակ արարքներով: Ուկրաինական լրագրողը բազմաթիվ անգամներ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ տարբեր սկանդալներ է հրահրել: Այս տարվա հունվարին Դերասանների միավորման մրցանակաբաշխության ժամանակ Սեդյուկը ծունկ էր չոքել դերասան Բրեդլի Կուպերի առջեւ եւ փորձել ձեռք տալ նրա տաբատի շղթային: Նույնը նա արել է փետրվարին Սանտա Բարբարայում կայացած տեղական կինոփառատոնի ժամանակ. ուկրաինացին ծնկաչոք կանգնել է Լեոնարդո Դի Կապրիոյի առջեւ եւ դեմքով սեղմվել նրա տաբատին:

Ավելի ուշ Նյու Յորքի նորաձեւության շաբաթի ընթացքում Սեդյուկը բեմ է բարձրացել ընձառյուծե կիսավարտիքով եւ Դի Կապրիոյի նկարով թագով: Իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 5-ին, Նյու Յորքում կայացած Met Gala պարահանդեսին Վիտալին հավաքվածների առջեւ շրջել է վարդագույն կիսավարտիքով:

Աղբյուրը՝ Just Jared, Daily Mail 

Լուսանկարները՝ REX-ի, Joanne Davidson-ի, Getty Images-ի, ABACA-ի, PA-ի

ԱՎԵԼԻՆ