Հայաստանը կարող է համատեղել ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ ՌԴ-ի հետ առեւտրային միությունը. Ֆրանսուա Օլանդ (video)

Հայաստանը կարող է համատեղել ԵՄ-ի հետ հարաբերություններն ու Ռուսաստանի հետ առեւտրային միությունը։ Այս մասին մայիսի 12-ին մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է պետական այցով Հայաստանում գտնվող՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Անդրադառնալով Երեւանում հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումին իր հնչեցրած այն մտքին, որ հարկավոր է գտնել Հայաստանի՝ Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելուն, Օլանդը նշել է, որ դա պետք է լինի հատուկ մոդել Հայաստանի համար։

«Հայաստանը կարող է համատեղել ԵՄ-ի հետ հարաբերություններն ու Ռուսաստանի հետ առեւտրային միությունը։ Ինձ համար դա խնդիր չէ։ Հարկավոր է աշխատել այդ սցենարի վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, Օլանդը նշել է, որ հարկավոր է ջանքեր գործադրել խնդրի «գլոբալ» լուծում գտնելու ուղղությամբ։

«Այսօր նշում ենք հրադադարի 20 տարին։ 20 տարին չափից դուրս երկար ժամանակ է։ Մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահող երկիր, պետք է աշխատենք վերջնական լուծման ուղղությամբ, գլոբալ լուծման։ Եվ հենց այդ պատճառով էլ երեկ ես Ադրբեջանում էի, իսկ այսօր Հայաստանում»։

Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը Երեւան է ժամանել մայիս 12-ին երկօրյա պետական այցով։

NEWS.am

ԱՎԵԼԻՆ