Հրաչյա Հարությունյանի գործով հաջորդ նիստը՝ ապրիլի 28-ին. Մեղադրյալը դեմ է արագացված դատաքննությանը

Ռուսաստանում վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը, ով հետեւում է գործի ընթացքի եւ մշտական կապի մեջ է նրա փաստաբանների հետ: Նա տեղեկացրեց, որ Հրաչյա Հարությունյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել առ այն, որ իրենց պաշտպանյալը որեւէ հարցաքննության չի մասնակցելու, մինչեւ բոլոր տուժածները չտան իրենց վկայությունը:  «Հրաչյա Հարությունյանը դեռեւս որեւէ վկայություն չի տվել եւ չի տալու մինչեւ բոլոր տուժողների հարցաքննությունը չավարտվի, դրանից հետո միայն ինքը կանդրադառնա բոլոր մանրամասներին»,- ասաց ՄԻՊ խորհրդականը:

Նա նշեց, որ արագացված դատաքննություն իրականացնելու համար  փաստաբանները չեն միջնորդել, քանի որ մեղադրյալը հիմնականում ընդունում է իր մեղքը եւ անհրաժեշտություն է տեսնում գործի մանրամասն ուսումնասիրության, որպեսզի այսուհետ նման իրավիճակներից վարորդները զերծ մնան: Իսկ թե ինչքան կտեւի դատաքննությունը, առայժմ հայտնի չէ, հնարավոր է կես տարի տեւի, իսկ եթե որեւէ արտառոց բան չլինի, ապա առավելագույնը մեկ տարի:

ՄԻՊ խորհրդականը պարզաբանեց, որ ի սկզբանե նախաքննությունը որպես տուժած ներկայացրել էր այն անձանց, ովքեր միջին կամ թեթեւ մարմնական վնասվածք էին ստացել, մինչդեռ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրված մահվան պատճառ հանդիսանալու հոդվածով: Այսպես,  տուժածները ի սկզբանե 44  էին, սակայն Հրաչյա Հարությունյանի փաստաբանների աշխատանքի արդյունքում թիվը կրճատվեց 1/3-ով:

Երանուհի Թումանյանցը նշեց, որ տուժածները Հրաչյա Հարությունյանի նկատմամբ որեւէ վատ վերաբերմունք չեն դրսեւորել, այդ թվում՝ թշնամություն կամ վրեժխնդրություն, ավելին՝ իրենց հարցազրույցներում ասել են, թե դեռ չգիտեն՝ այդ մարդը մեղավոր է վթարի մեջ, թե ոչ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:

Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Գործի նախաքննությունն ավարտվել է: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: Նախորդ դատական նիստին Հրաչյա Հարությունյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը:

NEWS.am

ԱՎԵԼԻՆ