«Հայկական ժամանակ». Հայկական տուֆը շուտով կթանկանա՞

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական տուֆը շուտով կարող է թանկանալ։ Այս մասին հայտնում են մեր իրազեկ աղբյուրները։ Փոքր քարհանքերի սեփականատերերն իրար մեջ քննարկում են տուֆը թանկացնելու հարցը՝ չդիմանալով հարկային մարմինների ճնշմանը։ Նրանք պնդում են, որ չեն դիմանում ապօրինի հարկային բեռին, եւ որ պետական տարբեր մարմիններ իրենցից ստվերային հարկեր են գանձում։ Ասում են, որ հարկայինի աշխատակիցները նույն կերպ են վարվում քարհանքերում օգտագործվող հաստոցները պահեստամասերով ապահովող առեւտրականների հետ։ Վերջիններս իրենց հերթին թանկացրել են պահեստամասերի գինը, ինչը նույնպես որոշիչ գործոն է լինելու տուֆի հնարավոր թանկացման հարցում։ Երրորդ գործոնը, որ ստիպում է տուֆի հանքաքարի մշակմամբ զբաղվող ձեռնարկատերերին թանկացնել քարը, հոսանքի վերջին թանկացումն է։ Մեր աղբյուրների պնդմամբ, հարկայինը տեռոր իրականացնելու էնպիսի հմտություններ է զարգացրել, որ որոշ փոքր հանքեր ժամանակ առ ժամանակ 1-2 ամսով դադարեցնում են իրենց գործունեությունը՝ չկարողանալով փակել ոչ ծախսերը, ոչ էլ հարկայինի աշխատակիցների բերանը։ Տուֆը Հայաստանում ամենաէժան շինանյութն է համարվում։ Արմավիրի տուֆի 1 միավորի գինը սկսվում է 150 դրամից, իսկ ամենաթանկը Արթիկի տուֆն է, որի գինը հասնում է մինչեւ 350 դրամի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

ԱՎԵԼԻՆ