«Փողը ֆունկցիոնալ այլ նշանակություն եւս ունի` միայն ընտրություն կեղծելու համար չէ». Նաիրա Զոհրաբյան

Այսօր «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Արմեն Աշռոտյանի կողմից ընդդիմադիր քաղաքական ուժերի հասցեին հնչեցրած ոչ կոռեկտ որոշ ձեւակերպումներին: «Եվ  վերջում մի քանի դիտարկում: Երեկ այստեղ խոսվեց խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին, եւ ակնհայտ խուլիգանությունը որակվեց տաքարյունությունը:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը եւ դատարկաբանությունը` ինտելեկտի հոմանիշ, ակնհայտ տափախակոսությունը` կրեատիվ լինելու հոմանիշ: Սակայն, մեկ խորհուրդ հատկապես ինտելեկտի մասով: Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե աշխատեք, որ սոցիալական ցանցերում ձեր որոշ կարկառուն օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում տասնյակ ուղղագրական սխալներ չլինեին:

Ես, իհարկե, չեմ պնդում, որ դա ինտելեկտի, կրթության, գրագիտության եւ պարզ տառաճանաչության պակաս է, բայց եւ չեմ կարող հերքել հակառակ վարկածը: Խոսքը, բնականաբար, վերաբերում է մայրենիով արված գրառումներին: Ես, իհարկե, չեմ անդրադառնում որոշ կարկառուն օգտատերերի` երբեմն-երբեմն օտարալեզու պասաժներին, ուր, ասենք երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության բոլոր երեք բառերի բոլոր տառերը կարող են գրվել սխալ:

Սովորելը երբեք ամոթ չէ ու ուշ չէ: Ինքնուսույցներ վարձեք: Փողը ֆունկցիոնալ այլ նշանակություն եւս ունի` միայն ընտրություն կեղծելու համար չէ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԱՎԵԼԻՆ