Ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի համերգները Ռուսաստանում չեղյալ են հայտարարվել

Ուկրաինական «Օկեան Էլզի» խմբի 10 համերգները, որոնք ապրիլին պետք է տեղի ունենային Ռուսաստանի քաղաքաներում, չեղյալ են հայտարարվել: Երաժիշտներն ընդգծում են, որ համերգների չեղյալ համարելը տեղի չի ունեցել իրենց նախաձեռնությամբ. հայտնում է «spletnik.ru»-ն: «Земля» անունով համերգային շրջագայության առաջին համերգը պետք է տեղի ունենար Սանկտ Պետերբուրգում, սակայն արդեն փետրվարի ավարտին խմբի պաշտոնական էջում հայտնվեց գրառում այն մասին, որ համերգը չի կայանա: Ավելի ուշ խմբի պաշտոնական կայքում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ խմբի մյուս համերգները ևս «չեղյալ են հայտարարվել/տեղափոխվել են անորոշ ժամանակով»: Այսպիսով, խմբի համերգները չկայացան Վլադիվոստոկում, Կրասնոյարսկում, Իրկուտսկում, Խաբարովսկում և Հարավային Սախալինում:

Իսկ մարտի 19-ին, երբ խումբը իր եվրոպական շրջագայության մեջ էր, հայտնի դարձավ, որ տեղի չեն ունենա խմբի նաև մյուս համերգները՝ Օմսկում, Նովոսիբիրսկում և Բարնաուլում:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստան չի գա ուկրաինական մեկ այլ խումբ՝ «Բումբոկս»-ը, որի մենակատարը հանդես է եկել ի աջակցություն Եվրամայդանի: Խմբի պրոդյուսերը հաստատել է, որ ռուսաստանյան համերգները չեղյալ են համարվել:

ԱՎԵԼԻՆ