Ազատության հրապարակում մեկնարկել է մարտի 1-ի ողբերգական դեպքերին նվիրված հանրահավաքը

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախաձեռնած համատեղ հանրահավաքը՝ նվիրված 2008 թվականի մարտի 1-ի 10 քաղաքացիների մահվան 6-րդ տարելիցին: Քիչ առաջ Ազատության հրապարակ մտան ԱԻՄ-ականները Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ: Հայրիկյանը նշեց, որ իրենք միանում են ոչ թե ՀԱԿ-ի հանրահավաքին, այլ ժողովրդին:

Հանրահավաքին միացան նաեւ Սարյանի պուրակում հավաքված ազատամարտիկները, որոնք առանձին ակցիան էին իրականացնում այնտեղ:

Հրապարակում հավաքված մարդկանց ձեռքին կան պաստառներ. «Ընտրություններ հիմա», «Կոռումպացված իշխանություններին ուղարկենք աղբարկղ», «Արյունով կարմիր գարուն»: Մարդիկ նաեւ սեւ պաստառ են բռնել, ոի վրա կան կարմիր կաթիլներ:

Ցուցարար կանանցից մեկն ասաց, որ այդ պաստառի վրա ոչ միայն մարտի 1-ի զոհերի արյան կաթիլներն են, այլեւ ժողովրդի արյան կաթիլները, քանի որ իշխանությունները մեզ արյունաքամ են անում:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում ելույթ կունենա ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք:

2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ  Համլետ Թադեւոսյանը:

Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:

ԱՎԵԼԻՆ