ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի անունով էջ են բացել եւ «լայքել» «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» էջը. Ալիկ Ղարիբյան

ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի անունով էջ են բացել եւ «լայքել» «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» էջը. Ալիկ Ղարիբյան

16:29 21 Փտր, 2014

ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի անունով ինչ-որ մեկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էջ է բացել եւ «լայքել» «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնության էջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալիկ Ղարիբյանը:

Նա նշեց, որ առհասարակ որեւէ սոցիալական ցանցում չկա, զբաղվում է գիտական, կրթական գործունեությամբ: «Իմ նկարը, ոմանք տիրապետելով որոշակի լծակների, փորձել են կեղծիքներ կազմակերպել: Ստիպված էջ եմ բացել պաշտոնական, դիմել եմ, որպեսզի դա հեռացնեն: Ես որեւէ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, դրանք այն մարդիկ են, որոնք տուժել են իմ օրինական գործունեությունից: Կարող եք համենալ ԵՊՀ եւ տեսնել, որ փոխվել են բուֆետները եւ ճաշարանային սնունդը, իջել են պատճենահանման գները, սա շարունակական աշխատանք է եղել եւ կլինի: Դա կապված է այն մարդկանց հետ, ովքեր այդտեղ կամ որոշ ոլորտներում շահեր են հետապնդում եւ տուժել են իմ գործունեությունից, փորձում են ինձ վարկաբեկել: Եթե մտածում են, թե դրանով հաջողության կհասնեն, խիստ սխալվում են»,- ասաց ԵՊՀ աշխատակազմը ղեկավարը՝ հավելելով, որ այժմ որեւէ անուն չի հրապարակի, սակայն գործունեության ընթացքում կսկսի խիստ զգուշանալ նրանցից, քանի որ նրանք էժանագին ձեւերով են փորձում մարդուն վնաս հասցնել:

Հարցին, թե սոցիալական ցանցերից դուրս դուք ցանկանում եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, Ալիկ Ղարիբյանը խնդրեց իրեն քաղաքական հարցեր չտալ: «Ես կրթական հիմնարկի ներկայացուցիչ եմ եւ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում, ընդամենը կարող եմ իմ տեսակետները ներկայացնել պատմագիտական, պետականության տեսանկյունից, ուզում եմ այն մարդիկ լինեն մեր պետական այրերը, ովքեր մտածում են հայրենիքի եւ ժողովրդի մասին: Իսկ իմ քաղաքական հայացքների մասին ոչինչ չեմ կարող ասել եւ նման գործունեություն չեմ ծավալում»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է: ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը վերջերս համացանցում միացել է «Խնդրում ենք վերադարձեք, պարոն Քոչարյան» նախաձեռնությանը՝ ուղարկելով իր լուսանկարն ու տվյալները: Բացի այդ՝ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող եւ հակահանրապետական քարոզչություն է իրականացրել:

«ՀՀԿ-ի որջը դարձած ԵՊՀ ղեկավարության համար սա արդեն բավարար է, որպեսզի Ղարիբյանին «պատժեն»: Եվ դա արել են նախեւառաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խիստ «զգուշացումով», որ նման խմբավորումները համալսարանում կարող են անդառնալի հետեւանքներ ունենալ: Ա. Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով այս մասին, ասաց. «Դա սարքած է, ու արդեն գիտենք, թե ովքեր են սարքել… Ա. Ղարիբյանը քաղաքական որեւէ գործունեությամբ չի զբաղվում, այն ուղղված է համալսարանի ղեկավարության դեմ»,- գրել էր թերթը:

loading...