Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ–ում կոչ է արել Իլհամ Ալիևի դեմ քրեական գործ հարուցել

ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Հիմք ընդունելով ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեի առաջարկը՝ քրեականացնել ռասիստական ոգով ելույթները, ԲՀԿ պատգամավորը կոչ է արել Ալիևի դեմ հարուցել քրեական գործ՝ հաշվի առնելով վերջինիս հակահայ, ռասիստական ելույթները:

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է՝

«Հարգելի՛ գործընկերներ

Ահազանգը, որ իր զեկույցում բարձրացրել է մեր գործընկերը, իրապես պահանջում է հրատապ և կոնկրետ հակաքայլերի ձեռնարկում, այլապես, հեռու չէ այն օրը, երբ մենք ունենալու ենք Եվրոպա, որտեղ անհանդուրժողականությունը, ռասիզմը, այլատյացությունը դիտվելու են որպես կենսակերպ: Այո՛, մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրոպական մի շարք խորհրդարաններում, ուր ծայրահեղական կուսակցությունները կարողանում են հանրության աջակցությամբ մտնել խորհրդարան: Եվ Հունաստանի հայտնի նեոնացիստական կուսակցությունը, ցավոք, այլևս եզակի դեպք չէ: Ես համաձայն եմ զեկուցողի հետ, որ ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարում մեծ անելիք ունեն առաջին հերթին քաղաքական գործիչներն ու մեր Վեհաժողովը։

Ավելին, Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցներ հստակ հանձնարարում են ազգային խորհրդարաններում բացառել ռասիզմ ու անհանդուրժողականություն տարածող ելույթները: Բայց արդպե՞ս է արդյոք իրականում:

Երկու տարի առաջ, Եվրանեսթ խորհրդարանական Վեհաժողովի կազմում, ես Բաքվում մասնակցում էի մեր կառույցի հերթական նիստին: Եվ, հարգելի՛ գործընկերներ, Ադրբեջանի նախագահը, իր խորհրդարանի մեջ, Եվրանեսթի ողջ պատվիրակության՝ այդ թվում՝ հայկական և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունների ներկայությամբ, ռասիզմի և անհանդուրժողականության մի կատարյալ շեդևր ելույթ ունեցավ:

Նա մեզ՝ Ադրբեջանի խորհրդարանում նստած հայ պատգամավորներիս և ողջ հայ ժողովրդին, անվանեց ֆաշիստներ, պղծողներ՝ հայ ժողովրդին մեղադրելով ստահոդ և անտրամաբանական բոլոր մեղքերի մեջ: Եվ ի՞նչ եղավ: Որևէ մեկը, բացի հայկական պատվիրակության անդամներից, բացատրե՞ց Ալիևին, որ ԵԽ անդամ երկրի նախագահին վայլել չէ միջնադարյան ինկվիզիցիայի ոգով ելույթ ունենալը: Իհարկե՝ ոչ: Հարգելի՛ զեկուցող, դուք նշում եք, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական կոմիտեն առաջարկում է քրեականացնել ռասիստական ոգով ելույթները:

Այո՛, ես կարող եմ համաձայնել այդ առաջարկին, և հիմա առաջարկում եմ քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին, որի յուրաքանչյուր ելույթ, ուր կա հայի և Հայաստանի անուն՝ ռասիզմի, անհանդուրժողականության, հայատյացության բացառիկ դրսևորում է:

Եվ, ի վերջո, ինչի՞ ծնունդ էր մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ում իր երկրում համարում են ազգի հերոս: Նա ծնունդ է հակահայ այն խայտառակ մթնոլորտի, որը տիրում է Ադրբեջանում, երբ երեխաներին մանուկ հասակից սովորեցնում են, որ հայն իր թշնամին է:

Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն և ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան:

Առ այս պահը ես որևէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից: Մարդը, ում մենք ընտրել ենք նման պատասխանատու պաշտոնում, հարկ չի համարում զբաղվել իր անմիջական պարտականություններով, կամ, երևի թե վախենում է զայրացնել ադրբեջանցի իր գործընկերներին։

«Ադրբեջանական որոշ դասագրքեր կարդալով՝ ուր հային մարդասպան ներկայացնելով, մենք, իբր հայրենասիրություն ենք քարոզում, ես գրեթե ուշագնաց եմ եղել»: Սա հատված է ադրբեջանուհի Մարյամ Գյունեշլիի նամակից: Իսկ ադրբեջանցի լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, անդրադառնալով ադրբեջանական դասագրքերում հայատյացությանը, գրել է. «Մենք մի ողջ սերունդ ենք դաստիարակում հայերի հանդեպ ատելությամբ: Սա ուղղակի անթույլատրելի է»:

Հարգելի՛ խորհրդարան, ժամանակն է ընդամենը խոսքերից անցնել կոնկրետ քայլերի: Այս զեկույցը կոնկրետ քայլեր անելու հրաշալի հնարավորություն է: Չկորցնենք այն»:

zham.am

ԱՎԵԼԻՆ