Հաստատվել է Արցախի 2014 թ. կապիտալ շինարարության ծրագիրը

Հունվարի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի ղեկավարն իր բացման խոսքում շնորհավորել է ներկաներին Հայոց բանակի օրվա առթիվ՝ կարեւորելով մեր զինված ուժերի բացառիկ նշանակությունը խաղաղության ու անվտանգության պահպանման գործում:

Կառավարության որոշմամբ հաստատվել է ԼՂՀ 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ  ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Դրանով նախատեսվում է 11,2 մլրդ դրամ կապիտալ շինարարություն կատարել տարբեր ոլորտներում՝ ներառյալ բնակարանային շինարարությունը, կրթությունը, մշակույթն ու սպորտը, առողջապահությունը, հասարակական եւ վարչական նշանակության օբյեկտները եւ այլն: Վարչապետի խոսքով՝ 2014 թ.-ին Արցախում կատարվող շինարարության ծավալը չի սահմանափակվելու միայն պետական բյուջեով նախատեսված գումարով, քանի որ իրագործվելու են նաեւ բարեգործական ծրագրեր թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, թե՛ այլ ծրագրերի շրջանակներում՝ հասնելով ընդհանուր առմամբ շուրջ 20 մլրդ դրամի շինարարության:

Գործադիրը հաստատեց նաեւ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված են 171 միջոցառում: Դրանց հիմնական մասը բաժին են ընկնում աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությանը, իսկ բաշխվածության առումով՝ հիմնական ծանրաբեռնվածությունն առաջին եռամսյակի վրա է: Դրանում հիմնականում պահպանվել են կառավարության ծրագրով ամրագրված գերակայությունները, որոնք ներկայացվել են պատասխանատու մարմինների կողմից եւ ամփոփվել առաջարկվող նախագծում։ Վարչապետը հանձնարարեց հետեւողական լինել նախատեսվող միջոցառումների ամբողջական եւ առանց հետաձգումների իրագործման հարցում:

Կառավարության որոշմամբ սահմանվեց մինչեւ «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը: Ըստ դրա՝ 2014 թ.-ին վարձու աշխատողներին յուրաքանչյուր ամսվա համար վճարման ենթակա աշխատավարձը, որը չի ներառում այդ աշխատավարձի մասով հաշվարկվող եկամտային հարկը, չպետք է պակաս լինի 2013 թ.-ին հաշվարկվող աշխատավարձից:

Մեկ այլ որոշմամբ ԼՂՀ բնակավայրերում պետական բյուջեի միջոցներով եւ բարեգործական հիմունքներով տարբեր ժամանակահատվածներում կառուցված շուրջ 4,5 միլիարդ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, ԼՂՀ սեփականություն հանդիսացող   բարձր, միջին եւ ցածր ճնշման գազատարերն ու սարքավորումները անհատույց, սեփականության իրավունքով հանձնվեցին «Արցախգազ» ՓԲԸ-ին:

ԱՎԵԼԻՆ