Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստը կկայանա այսօր

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստը կկայանա այսօր՝ հունվարի 10-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիստի ժամանակ մի շարք բացահայտումներ կանեն, կներկայացնեն գործով մասնակցող դատախազի ՀՔԾ-ում տված բացատրությունը նրա ձերբակալման վերաբերյալ, որտեղ նշում է, թե «թյուրիմացաբար է նման բան գրել, թե քննիչը այցելել է բնակարան, տեսնելով որ Վարդան Պետրոսյանը տեղում չէ, դրա համար էլ ձերբակալել է,», իրականում ինքը չի ունեցել գործի նյութերը: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ կներկայացնեն նաեւ մի շարք անձանց բացատրություններ, որոնք ցույց են տալիս, որ դերասանի ձերբակալությունը եղել է օրենքի խախտմամբ: «Մենք ուղղակի ապացույցներ ունենք, որ Վարդան Պետրոսյանի ձերբակալությունը եղել է ապօրինի»,- ասաց փաստաբանը:

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանը այսօր կտեսակցի «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող Վարդան Պետրոսյանին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:

ԱՎԵԼԻՆ