Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը: Ղազախստանի վարչապետը նշել է, որ դա հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև: Իր հերթին ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ազատականացրել Հայաստանի օդային սահմանները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից “բաց երկնքի քաղաքականության” որդեգրումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը:
Երկուստեք կարևորվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Անդրադարձ է արվել նաև սերմնաբուծության ոլորտում համագործակցության հնարավորություններին: Այս առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է ոլորտում Ղազախստանի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:
Ղազախստանի վարչապետը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան:
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։

Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

ԱՎԵԼԻՆ