«Հայացք». Բանկոմատների զանգվածային անսարքություն Երեւանում

Վերջին շրջանում քաղաքում պարբերաբար խնդիրներ են առաջանում բանկոմատների աշխատանքի հետ կապված: Այս մասին գրում է «Հայացք» թերթը եւ հավելում. «Հերթական արտակարգ իրավիճակն առաջացավ երեկ: Մեր ընթերցողներից ոմանք չէին կարողացել գործարքներ իրականացնել ամենատարբեր բանկերի բանկոմատներով`ընդհուպ մինչեւ ժամը 17:00-ն:

Վիճակի պատճառները ճշտելու համար զանգահարեցինք մի քանի բանկեր: Ararat բանկի աշխատակիցը մեր թղթակցի հետ զրույցում հերքեց խնդրի առկայությունը:  ВТБ բանկից հայտնեցին, որ համակարգային խնդիր չեն ունեցել, բայց բոլոր բանկոմատներում էլ երբեմն լինում են անսարքություններ. «Հնարավոր է, որ ինչ-որ բանկոմատում գումարն ավարտվի կամ գրանցվի քարտը կուլ տալու դեպք: Նման պարագայում պարզապես պետք է տվյալ բանկոմատը բեռնաթափել», – ասաց աշխատակիցը: Եվ միայն HSBC բանկից էր, որ մեր թղթակցին հայտնեցին, թե իրոք այսօր իրենց մի քանի անգամ ահազանգել են խնդրի մասին, եւ ներկա պահին իրենց մասնագետները փորձում են ճշտել միջադեպի պատճառները. «Այս պահին հստակ ինֆորմացիա տալ  չեմ կարող: Պարզ կլինի, գուցե, վաղը: Հնարավոր է, որ խնդիրը կապված լինի հոսանքի ժամանակավոր անջատման կամ մեկ այլ պրոբլեմի հետ», – ասաց HSBC-ի աշխատակիցը:

Վերջին շրջանում հաճախակի դարձած նման խնդիրները հարց են առաջացնում` ի՞նչ է պատահել` գուցե փող չկա՞…»,- գրում է «Հայացքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

ԱՎԵԼԻՆ