Կենդանաբանական այգի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

Կենդանաբանական այգի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար

14:00 5 Հկտ, 2013

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ, արդեն վեցերորդ տարին համատեղ նախաձեռնում և իրականացնում է համահայկական նկարչական ամենամյա մրցույթ-նախագիծը: Մրցույթի գլխավոր միջոցառումը` 6-րդ Համահայկական նկարչական օրը, կկազմակերպվի հոկտեմբերի 6-ին: Այն կկայանա Երևանի կենդանաբանական այգում` ժամը 11:00-ին:

Ի դեպ, հոկտեմբերի 6-ին նշվելու է նաև կենդանաբանական այգու գործունեության 72-ամյակը: Այդ օրը Կենդանաբանական այգի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար: Նախագիծն իրականացվում է նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ: Մրցույթի նպատակը հայ երիտասարդ սերնդին միավորելն ու նրանց Հայաստանի բնության և մշակութային արժեքների պահպանման գործում ներգրավելն է:

Տարվա մրցութային թեմաներն են`

– Իմ երազած կենդանաբանական այգին,

– Ես հովազ եմ,

– Հայաստանի ջրերն ու գետերը:

Հոկտեմբերի 6-ին` Երևանի կենդանաբանական այգին կվերածվի մանկական բացօթյա արվեստանոցի. այդ օրը երեխաները արկղե տուփերի և նկարակալների վրա կնկարեն մրցույթին նախապես առցանց ներկայացված նկարները: Նույն օրը տեղի կունենա համերգ` տարբեր մանկական խմբերի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ առցանց մրցույթն այս տարի մեկնարկել է 2013-ի oգոստոսի 20-ին և կավարտվի նոյեմբերի 30-ին: Մրցույթին կարող են մասնակցել 5-ից 16 տարեկան երեխաները: Նկարչական մրցույթին մասնակցության մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել www.paintingday.sunchild.org պաշտոնական կայք էջ:

 

loading...